Ա Կորնթացիներին 9․24-27 Երկուշաբթի | Հունիս 2
Ուրեմն ես այդպե՛ս եմ վազում, ոչ թե աննպատակ։ Ա Կորնթ․ 9․26
ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՆՔ ՉԿԱ ՊՏՈՒՂ
Երբ Էնդի Մարեյն իր առաջին մասնագիտական խաղն անցկացրեց նշանավոր Ուիմբլդոնի թենիսի մրցաշարում, նրան անվանեցին «բարակ տղա»։ Սակայն Էնդին ենթարկեց իրեն խիստ կարգապահության, ծանր մարզումների և հատուկ սննդակարգի։ Նա սառցե լոգանքներ էր ընդունում և երկար ժամեր անցկացնում մարզադաշտում։ Տարիներ տևած վարժանքները նրա նիհար մարմինը վերածեցին «մեքենայի», ինչպես ինքն էր ասում։ Էնդին դարձավ աշխարհի չեմպիոն։
Առանց ամենօրյա կարգապահության Էնդիի տաղանդի բացահայտումն անհնար կլիներ։ Այս սկզբունքը վերաբերում է նաև մեր հոգևոր կյանքին։
Պողոսի՝ «ամեն ինչում ժուժկալ լինել» (Ա Կորնթ. 9․25) և «մարմինը ճնշման ենթարկել» (հ․ 27) հորդորները կարող են սխալ մեկնաբանվել որպես անտեղի կոպիտ վերաբերմունք։ Բայց իրականում Պողոսը վառ համեմատություն է անում։ Մարզիկները ենթարկվում են խիստ մարզումների՝ հաղթանակի դափնեպսակ ստանալու համար (հ․ 25): Որքա՜ն ավելի մեծ պետք է լինի մեր մղումը՝ հետևելու Աստծո նպատակներին։ Պողոսը չէր կարծում, որ իր փրկությունը վտանգի տակ կլինի, եթե ձախողվի, բայց նա վճռականորեն տրամադրված էր իր ամբողջ ուժը տալու և իր լավագույնն անելու Աստծո Թագավորության համար։
Գայթակղությունները, շեղող գործոնները և բնական կարիքները կարող են մթագնել մեր մեջ Աստծո Հոգու կենսունակ, դինամիկ կյանքի մեր ընկալումը։ Բայց եթե մենք ամբողջ սրտով նվիրվենք Աստծուն, մեր կյանքը կաճի և կծաղկի՝ բացահայտելով Նրա ճշմարտությունն ուրիշներին։
Աստծո ո՞ր խոստումներն են քաջալերում և ոգեշնչում մեզ։
Ինչպե՞ս կարող ենք ապավինել Աստծո օգնությանն այսօր մեր առջև ծառացած խնդիրների մեջ։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, Քո առաջարկած կյանքը լավագույնն է, որին ես կարող եմ ձգտել այսօր։ Շնորհակալ եմ այն օրհնությունների համար, որոնք ոգեշնչում են ինձ համառել և դիմադրել գայթակղությանը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 17-18, Հովհաննես 13․1-20