Բ Կորնթացիներին 8․1-7 Հինգշաբթի | Հունիս 5
Ամեն մեկը թող ըստ իր սրտի հոժարության տա և ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, որովհետև Աստված սիրում է հոժարությամբ տվողին։ Բ Կորնթ․ 9․7
ՆՎԻՐԻ՛Ր
2024 թվականին համալսարանն ավարտած 1200 շրջանավարտներին ուղղված իր ելույթում մի միլիարդատեր կին ասաց. «Այս դժվար ժամանակները ստիպել են մեզ բարեգործության և կարիքավորների խնամքի հարցերն առաջնային պլան մղել։ Ես և ամուսինս ցանկանում ենք այսօր ձեզ երկու նվեր տալ։ Առաջինը ձեզ համար է, իսկ երկրորդը՝ դուք պետք է տաք նրան, ով դրա կարիքն ունի»։
Այնուհետև, զարմացած շրջանավարտներին բաժանեցին երկուական ծրար՝ չորս հարյուր ֆունտ սթերլինգ իրենց համար, իսկ չորս հարյուրը՝ այն մարդու համար, ով հայտնվել է դժվարության մեջ։
Միլիարդատեր կինը հնարավորություն ուներ նման նվերներ տալ, ինչքան որ ցանկանար։ Սակայն առատաձեռնությունը չի սահմանափակվում միայն մեծ միջոցներ ունեցող մարդկանցով։ Հին Մակեդոնիայի քրիստոնյաները նվիրատվություններ էին անում Երուսաղեմի հավատացյալների կարիքների համար, չնայած նրանք աղքատ էին։ «Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ նրանց ուրախությունն անսահման եղավ, և ծանր աղքատության մեջ նրանք շատ առատաձեռն եղան», - գրում է Պողոսը նրանց մասին (Բ Կորնթ. 82): Առաքյալը գովաբանում է մակեդոնացիներին, քանի որ «իրենց կարողության չափ, կարողությունից էլ ավելի հոժար կամքով» էին տալիս: Մակեդոնացիները «մեծ աղաչանքով շնորհ էին խնդրում մեզնից՝ մասնակից լինելու սրբերին մատուցվող ծառայությանը», - հավելում է Պողոսը (հ․ 3-4)։
Հավատացյալները, ովքեր գիտակցում են, թե որքան շատ բան են ստացել Աստծուց՝ Հիսուս Քրիստոսի միջոցով, պետք է լինեն առատաձեռն և բաց ուրիշների կարիքների նկատմամբ։ Աստծո օգնությամբ, եկեք մենք էլ հետևենք Նրա օրինակին, ով ասաց. «Ավելի երանելի է տալը, քան առնելը» (Գործք 20․35):
Ինչո՞վ կարող ենք բաժնեկցել ուրիշների հետ այսօր։
Ինչպե՞ս է ինչ-որ մեկի առատաձեռնությունն օգնել մեզ դժվարին կացության մեջ։
Աղոթք – Երկնային Հա՛յր, օգնի՛ր ինձ առատաձեռն լինել մարդկանց հանդեպ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 23-24, Հովհաննես 15