.
2025թ., Հունիսի 7

Ա Կորնթացիներին 11․23-26                                                                      Շաբաթ   |   Հունիս 7

 

 

Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա։ Ա Կորնթ․ 11․26

 

ՈՐՊԵՍ ՄԵԿ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ

 

Առաջին հայացքից պարզ սեղան՝ տասներեք բաժակով, որոնցից յուրաքանչյուրը պատկերված է առանձին կտավի վրա։ Այսպիսի տեսք ուներ Օքսֆորդի համալսարանի Վոլֆսոն քոլեջում ցուցադրված նկարը՝ «Թող բոլորը մեկ լինեն» անվանմամբ: Նկարի պարզությունն ընդգծում էր իրադարձության նշանակությունը՝ Քրիստոսի վերջին ընթրիքն իր աշակերտների հետ։ Կենտրոնական կտավը, որ պատկերում էր հաց և բաժակ, ներկայացնում էր Հիսուսին։ Նրա շուրջը տասներկու այլ մարդիկ էին, որոնք խորհրդանշում էին աշակերտներին։

Նկարը գեղեցիկ հիշեցում էր այն ընթրիքի մասին, որի ընթացքում Քրիստոսը հաց ու գինի բաժանեց իր աշակերտներին՝ սկիզբ դնելով Տիրոջ ընթրիքի նոր ավանդույթին իր բոլոր հետևորդների համար։ Ինձ հատկապես դուր էր եկել նկարի ներքևի մասում դատարկ կտավների շարքը։ Նրանք, կարծես, հրավիրում էին հանդիսատեսին միանալ սեղանին։

Պողոս Առաքյալը հիշեցնում է մեզ. «Քանի անգամ որ այս հացն ուտեք և այս բաժակը խմեք, Տիրոջ մահն եք պատմում, մինչև որ նա գա» (Ա Կորնթ. 11․26): Յուրաքանչյուր ոք, ով հավատում է, որ Քրիստոսի մահն ու հարությունը հաշտեցրել են իրեն Աստծո հետ, տեղ ունի Տիրոջ սեղանի շուրջ։

Եվ երբ մենք, հաղորդություն ստանալով, հիշում ենք Հիսուսի զոհաբերությունը, մենք գործում ենք որպես հավատացյալների մեկ համայնք ամբողջ աշխարհում և բոլոր ժամանակներում։ Սա եկեղեցու միասնության գեղեցիկ պատկեր է։

 

Ի՞նչ կարևորություն ունի մեզ համար Տիրոջ վերջին Ընթրիքը։ Ինչպե՞ս է այն մատնանշում հավատացյալների միասնությունը Հիսուս Քրիստոսի մեջ։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, մինչ մենք մասնակցում ենք Քո կողմից հաստատված ընթրիքին, հիշեցրո՛ւ մեզ, որ մենք մեկ ենք Քո մեջ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Բ Մնացորդաց 28-29, Հովհաննես 17