Գործք Առաքելոց 2․1-12 Կիրակի | Հունիս 8
Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։ Գործք 2․4
ՍԻՐՈ ԼԵԶՈՒՆ
Ես լսում էի, թե ինչպես ֆրանսերեն, գերմաներեն, սլովակերեն, հին հունարեն, ռուսերեն և այլ լեզուներով աղոթքներն արձագանքի նման տարածվում էին Աթենքի եկեղեցում։ Մենք յուրաքանչյուրս աղոթում էինք մեր մայրենի լեզվով, որ մեր երկրներում մարդիկ լսեն Աստծո սիրո մասին։ Դա հրաշալի փորձառություն էր, որն ավելի գեղեցիկ դարձավ, քանի որ համընկել էր Հոգեգալստյան օրվա հետ։
Հին Կտակարանում դա բերքահավաքի տոն էր, որը նշվում էր Զատկից հիսուն օր հետո (Ղևտ. 23․15-21): Քրիստոսի մահից և հարությունից հետո Պենտեկոստեի օրը Նրա աշակերտները Երուսաղեմում էին։ Հանկարծակի սաստիկ քամու պես մի ձայն հնչեց, և «հրե լեզուներ երևացին»։ Աշակերտները լցվեցին Սուրբ Հոգով և «սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին» (Գործք 2․2-4): Այլ երկրներից եկած ուխտավորները՝ հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, իրենց լեզուներով լսում էին, որ նրանք Աստծու մեծագործությունների մասին են խոսում (հ․ 11): Այնուհետև Պետրոսը վկայեց ժողովրդին, և ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, որ Հիսուսը խաչվել և հարություն է առել՝ իրենց ներում շնորհելու համար, մկրտվեցին (հ․ 22-41):
Աթենքում հավաքված հավատացյալների տարբեր լեզուներով աղոթքներն ինձ հիշեցրին, որ Պետրոսի վկայությունը Հոգեգալստյան օրն այսօր էլ շարունակում է արձագանք գտնել ամբողջ աշխարհում՝ մարդկանց դարձնելով դեպի Քրիստոսը։
Աղոթենք, որ Սուրբ Հոգին զորացնի մեզ՝ տարածելու Աստծո սիրո պատգամը։ Եվ խնդրենք Տիրոջը, որ այդ լուրը լսվի աշխարհի բոլոր լեզուներով։
Ե՞րբ առաջին անգամ լսեցինք Աստծո սիրո մասին։ Ինչպե՞ս կարող ենք ջերմեռանդորեն գործել, որպեսզի մյուսներն էլ լսեն այդ ավետիսը։
Աղոթք – Սու՛րբ Հոգի, լցրո՛ւ ինձ զորությամբ ու համարձակությամբ, որպեսզի բոլորին պատմեմ Աստծո սիրո մասին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Բ Մնացորդաց 30-31, Հովհաննես 18․1-18