.
2025թ., Հունիսի 12

Բ Կորնթացիներին 5․1-10                                                                  Հինգշաբթի   |   Հունիս 12

 

 

Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու։ Եբր․ 11․8

 

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ

 

Ավագ որդիս անհանգստացած տեսք ուներ, և երբ հարցրի պատճառը, նա խոստովանեց. «Ես վախենում եմ քոլեջ գնալ»։ Նրա մտքում քոլեջը մեծ, սարսափելի վայր էր՝ մռայլ աշտարակներով, որտեղ բնակվում էին խստասիրտ ուսուցիչներ։

Սակայն հետո, երբ մենք միասին մասնակցեցինք բաց դռների օրվան և նա ծանոթացավ սիրալիր անձնակազմի և բարեհամբույր ուսանողների հետ՝ բացահայտելով սպորտով զբաղվելու նոր հնարավորությունները, ուրախությամբ բացականչեց. «Ես այնքան ոգևորված եմ, այստեղ շատ հետաքրքիր բաներ կան»։

Երևի բոլորս մեր կյանքում ապրել ենք անորոշության և վախի զգացումներ՝ մեր երևակայության մեջ ստեղծելով մղձավանջային սցենարներ և վախենալով վատագույնից։ Եվ սա բնական է։ Հավանաբար սա է պատճառը, որ Աստվածաշունչն այդքան բարձր է գնահատում Աբրահամին և նրա հավատքն անորոշության առջև. «Հավատով Աբրահամը հնազանդվեց, երբ կանչվեց գնալու այն տեղը, որն իբրև ժառանգություն էր ստանալու» (Եբր. 11․8):

Հիմնական կետն այն է, որ Աբրահամը «հնազանդվեց» և «գնաց»։ Նա չգիտեր, թե ուր է գնում, բայց գիտեր Նրան, Ում հետ գնում էր և Ում հնազանդվում էր։ Չնայած անորոշությանը՝ Աբրահամը հույսը դրեց այն համոզմունքի վրա, որ մի օր կմտնի երկնային քաղաք, «որի ճարտարապետն ու արարիչն Աստված է» (հ․ 10):

Ոչ ոք չգիտի, թե ինչ է սպասվում ապագայում։ Անորոշությունը վախեցնող է, սակայն մենք ճանաչում ենք Նրան, ով միշտ մեզ հետ է։ Աստված մեզ հետ է յուրաքանչյուր քայլափոխի, մինչ վերջապես կտեսնենք Նրան դեմ առ դեմ այն ​​քաղաքում, որտեղ Նա հավիտյան կապրի մեզ հետ։

 

Ի՞նչն է այսօր մեզ անհանգստացնում։ Ինչպե՞ս կարող ենք մեր մտքերն ուղղել դեպի Աստված՝ ապավինելով Նրա հավատարմությանը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ կարող եմ կյանքիս բոլոր անորոշությունների մեջ վստահել Քեզ, և Դու ես այն ամենը, ինչ ինձ անհրաժեշտ է։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Եզրաս 3-5, Հովհաննես 20