Հռոմեացիներին 8․14-17 Շաբաթ | Հունիս 14
Որովհետև դուք ․․․ որդեգրությա՛ն հոգին ստացաք։ Հռ․ 8․15
ՀՈՐ ԿԱՄՔԸ
Սթիվը վերցրեց սղոցը և ուղղվեց դեպի անտառ։ Հանկարծ լսվեց նրա հինգ տարեկան որդու՝ Սեմի ձայնը. «Հայրի՛կ, սպասի՛ր։ Ես ուզում եմ քեզ հետ գալ»։ Նա վերցրեց իր խաղալիք սղոցը, աշխատանքային ձեռնոցները, ականջակալները և վազեց Սթիվի հետևից։ Երբ հասան անտառ, Սթիվը տղայի համար մի քանի ձող տեղադրեց անվտանգ հեռավորության վրա։ Տաս րոպե անց Սեմը հոգնեց, քանի որ խաղալիքով ձողեր սղոցելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Բայց նա ուրախ էր, որ «օգնում» է հորը, իսկ հայրն ուրախ էր՝ որդու հետ ժամանակ անցկացնելով։
Երբեմն մեր հարաբերություններն Աստծո հետ հենց այդպիսին են։ Մենք կարծում ենք, որ օգնում ենք Նրան։ Բայց մեր օգնությունն իրականում աննշան է։
Եթե մենք ընդունել ենք Հիսուս Քրիստոսին, Երկնային Հայրն էլ ընդունել է մեզ Իր ընտանիքի մեջ և պարգևել Սուրբ Հոգուն։ «Որովհետև դուք ծառայությա՛ն հոգին չստացաք, որ դարձյալ վախենաք, այլ որդեգրությա՛ն հոգին ստացաք» (Հռ․ 8․15)։ Մենք ծառա չենք, որ իր հացը վաստակում է ծանր աշխատանքով։ Մենք զավակ ենք՝ Աստծո սիրելի զավակը, ում Հայրը սիրում է անշահախնդիր։ «Տեսեք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի Աստծո որդիներ կոչվենք» (Ա Հովհ․ 3․1)։
Երկնային Հայրն ուրախանում է, երբ մենք ծառայում ենք Իրեն։ Բայց Նա ծառայությունից վեր նախընտրում է մեզ, քանի որ շատ է սիրում։
Ի՞նչ ակնկալիքներ ունի Աստված մեզնից։
Ինչպե՞ս ենք անցկացնում մեր ժամանակը Նրա հետ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ ընդունեցիր ինձ Քո ընտանիքում։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Եզրաս 9-10, Գործք Առաքելոց 1