Բ Կորնթացիներին 3․7-8 Երկուշաբթի | Հունիս 16
Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը: Բ Կորնթ․ 3․18
ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«Լսիր, դու այևս չես հայհոյում, ո՞րն է պատճառը,– հարցրեց Դերեկի ընկերը։ Դերեկն ինքը չէր նկատել այս փոփոխությունն իր մեջ։ Երկու շաբաթ առաջ նա առաջին անգամ մասնակցել էր եկեղեցում անցկացվող երիտասարդական հանդիպմանը, որից հետո գիշերը, նայելով ամառային աստղազարդ երկնակամարին, զղջացել էր ու ամբողջապես նվիրել կյանքն Աստծուն։ «Այդ պահին ինձ թվաց, թե Աստված գալակտիկայի ծայրերից իջավ իմ սենյակ», – հիշում էր նա։ Այդ օրվանից Դերեկի մեջ եղած զայրույթը, որն առաջ էր բերում հայհոյանքներ, «ամբողջովին անհետացավ»։ Աստված Սուրբ Հոգով բնակություն հաստատեց այդ երիտասարդի սրտում։
Տերը փոխում է մեզ։ Պողոսը խոսեց այս մասին՝ պաշտպանելով իր ծառայությունը կեղծ ուսուցիչներից, որոնք կապ էին հաստատել կորնթացի որոշ հավատացյալների հետ։ Առաքյալը բացատրեց, թե ինչպես է Քրիստոսը հեռացնում մեր աչքերի վրայի քողը. «Բայց երբ դեպի Տերը դառնան, այդ քողը կվերցվի» (Բ Կորնթ. 3․16): Տերը մեր կյանքից հեռացնում է մեղքի և բաժանման վարագույրը՝ տալով իմաստություն և ազատություն «Հոգու» միջոցով (հ․17): «Մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը՝ առաջնորդվելով Տիրոջ կողմից, որ է Հոգին» (հ․ 18):
Մեր մեջ բնակվող Հոգին օգնում է մեզ հրաժարվել նախկին վատ սովորույթներից։ Օրինակ՝ ինչպես Դերեկի դեպքում՝ հայհոյանքներից։ Երբ Աստծուց խնդրում ենք մեզ փոխել, որպեսզի նմանվենք Իրեն, Նա գործում է Իր Հոգով։ Նրա շնորհով ենք մենք հավատում, հույսով ապրում և փոխվում։
Որո՞նք են այն փոփոխությունները, որ Աստված կատարել է մեր մեջ։ Կյանքի ո՞ր ոլորտներում դեռևս կարիք ունենք հղկվելու։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ Սուրբ Հոգուդ միջոցով գործում ես՝ փոխելով մեր էությունը, որ կարողանանք նմանվել Քեզ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 4-6, Գործք Առաքելոց 2․22-47