.
2025թ., Հունիսի 17

Եսայի 55․1-3, 8-13                                                                              Երեքշաբթի   |   Հունիս 17

 

 

Իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։ Ես․ 55․9

 

ԱՍՏԾՈ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ

 

Վենդին խորապես վիրավորվեց, երբ ճաշի ժամանակ նրա ղեկավարը շոկոլադե սալիկ դրեց բոլոր աշխատակիցների սեղանին, բացի իրենից։ «Ինչու՞ այդպես վարվեց», - հարցրեց նա ընկերուհուն։

Վենդիի ընկերուհին որոշեց անձամբ ղեկավարից պարզել պատճառը, և նա բացատրեց․ «Այս շոկոլադներն ուտելու պիտանի են, բայց մի քիչ հնացած են։ Իսկ Վենդին հղի է, դրա համար էլ նախընտրեցի ռիսկի չդիմել»։ Այնուհետև, ժպտալով ավելացրեց․ «Իսկ դուք, ընկերնե՛ր, եթե ինչ-որ բան պատահի, մի՛ մեղադրեք ինձ»։

Այս փոքրիկ դեպքը ստիպեց ինձ մտածել այն մասին, թե ինչպես ենք մենք երբեմն սխալ մեկնաբանում Աստծո մտադրությունները, քանի որ սահմանափակ ենք մեր հասկացողության և ընկալման մեջ։ Մենք կարող ենք մեզ նույնիսկ համարել անարդարության զոհ՝ մոռանալով,  որ Տերը միշտ գործում է մեր բարօրության համար։

Եսայի մարգարեի միջոցով Աստված մեզ հիշեցնում է, որ չնայած մենք միշտ չէ, որ հասկանում ենք Նրա խորհուրդներն ու ճանապարհները, բայց կարող ենք վստահ լինել, որ դրանք «բարձր են մեր ճանապարհներից» (Ես․ 55․8-9): Մենք հաճախ տրվում ենք մեր եսասիրական ցանկություններին, բայց Աստծո ուղիները կատարյալ են՝ լի ողորմությամբ ու արդարությամբ։ Ուստի, եթե ներկայումս թվում է, թե ամեն բան այնքան էլ բարենպաստ չի, հավատանք, որ Տերը կտա այն, ինչ իսկապես մեզ անհրաժեշտ է (հ. 1-2), քանի որ Նա հավատարիմ է Իր հավիտենական ուխտին (հ. 3)։ Ուստի փնտրենք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչենք նրան, «մինչ նա մոտ է» (հ. 6)՝ մշտապես հիշելով, որ երբեք չի լքի մեզ։

 

Անարդար թվացող իրավիճակներում Աստծո ո՞ր խոստումներից կարող ենք կառչել։ Նրա բնավորության ի՞նչ հատկանիշներ են մեզ մխիթարում և վստահություն ներշնչում։

 

Աղոթք – Տե՛ր, Դու գիտես, որ երբեմն ինձ մերժված եմ զգում և կասկածում Քո սիրուն։ Օգնի՛ր վստահել Քեզ և ամուր կառչած մնալ Քո հավիտենական խոստումներից։ Ամեն:



 

Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 7-9, Գործք Առաքելոց 3