Փիլիպպեցիներին 3․4-11 Չորեքշաբթի | Հունիս 18
… որպեսզի ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը, մասնակից լինեմ նրա չարչարանքին, կերպարանակից՝ նրա մահվանը։ Փիլ․ 3․10
ՀԵՏԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՉԿԱ
19-րդ դարի կեսերին Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Գարո ցեղից Նոքսենգ անունով մեկը մի միսիոների վկայության միջոցով դարձի եկավ: Նոքսենգը ջերմեռանդորեն սիրեց Քրիստոսին, սակայն բախվեց տեղի առաջնորդի դիմադրությանը, ով նրան հրամայեց հրաժարվել հավատից: Ճշմարիտ Աստծուն հավատալու համար նրա կյանքը ողբերգական ավարտ ունեցավ. կորցրեց նախ երեխաներին, ապա կնոջը, իսկ վերջում՝ իր սեփական կյանքը։ Իր սարսափելի փորձառության յուրաքանչյուր փուլում նա դիմում էր իրեն հալածողներին՝ անդադար կրկնելով. «Հետդարձի ճանապարհ չկա։ Հետդարձի ճանապարհ չկա»։
Նոքսենգի նման, Պողոս Առաքյալը նույնպես առերեսվեց ծեծին ու բանտարկությանը, և իր կյանքն ավարտեց որպես մարտիրոս։ Փիլիպպեցիներին ուղղված իր նամակում նա գրեց. «Եվ ամեն ինչն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ» (Փիլ. 3․8): Թվարկելով այն ամենը, ինչով կարող էր պարծենալ՝ Պողոսը խոսում էր Քրիստոսին ճանաչելու, Նրա չարչարանքին մասնակից և մահվանը կերպարանակից լինելու իր ցանկության մասին (հ․ 10): Ոչ մի աշխարհիկ առավելություն կամ դիրք չէր կարող համեմատվել Քրիստոսին ճանաչելու բերկրանքի հետ։
Մենք կարող է երբեք չհանդիպենք այն հալածանքներին, ինչին բախվեցին Պողոսը կամ Նոքսենգը։ Սակայն յուրաքանչյուր օր մեզ հնարավորություն է տալիս հետևելու Քրիստոսին։ Երբեմն դժվար կլինի, բայց Սուրբ Հոգին կամրապնդի մեզ և կօգնի անսասան կանգնել, քանի որ Տերն արժանի է դրան։
Ի՞նչ բարդ որոշումներ ենք ստիպված լինում կայացնել։ Ինչպե՞ս կարող ենք Աստծուց օգնություն և առաջնորդություն ստանալ։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ ամեն ինչ զոհեցիր ինձ համար, որպեսզի կարողանամ լիարժեք կյանք ունենալ Քեզ հետ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Նեեմիա 10-11, Գործք Առաքելոց 4․1-22