.
2025թ., Հունիսի 19

Եփեսացիներին 2․13-18                                                                     Հինգշաբթի   |   Հունիս 19

 

 

Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով: Եփ․ 2․14

 

ԽԱՂԱՂՈԻԹՅՈՒՆ ՔՐԻՍՏՈՍՈՎ

 

2003 թվականի Ռեգբիի աշխարհի գավաթի մրցաշարի ընթացքում Սամոայի և Հարավային Աֆրիկայի հավաքականների միջև կայացած խաղն առավել հիշարժան դարձավ մի գեղեցիկ իրադարձությամբ: Հաղթանակի և իրենց թիմի պատվի համար ութսուն րոպե համառ պայքարից հետո երկու թիմերն էլ շարվեցին շրջանագծով։ Նրանք փոխանակվեցին անվանական մարզաշապիկներով, հանեցին ազգային տարբերանշանները, ապա՝ միահամուռ, եղբայրաբար գրկախառնված, ծնկի եկան՝ շնորհակալության աղոթք բարձրացնելով Աստծուն։

Պողոս Առաքյալը եփեսացիներին ուղղված նամակում գրում է, որ Հիսուս Քրիստոսի միջոցով հեթանոսները, «որ մի ժամանակ հեռու էին», այժմ դարձել են Աստծո ընտանիքի մի մասը՝ իսրայելացիների հետ միասին (Եփ. 2․13)։

Այն, ինչ Քրիստոսն արեց խաչի վրա, երկակի ազդեցություն ունեցավ։ Նախ՝ Նա միավորեց հրեաներին և հեթանոսներին՝ «երկուսից մեկ» դարձնելով (Եփ. 2.14), իսկ ապա՝ երկուսին էլ միավորեց Աստծո հետ՝ «Իր խաչով թշնամությունը սպանելով» (Եփ. 2.16)։ Ես սա պատկերացնում եմ խաչի տեսքով․ հորիզոնական ուղղությամբ՝ միություն մարդկանց հետ, ուղղահայաց՝ միություն Աստծո հետ։

Անկախ այն տարբերություններից, որ կարող են լինել մեր և այլ քրիստոնյաների միջև՝ ազգություն, ռասա, աստվածաբանական համոզմունքներ կամ քաղաքական հայացքներ, մենք միավորված ենք Քրիստոսով, Ով վեր է ամեն ինչից։ «Նա՛ է մեր խաղաղությունը» (Եփ. 2.14)։

 

Ո՞ր ազգությունների նկատմամբ ենք թշնամանք զգում: Հիշենք, որ մեր միասնությունն Աստծո հետ ոչ միայն անհատական է, այլ նաև համընդհանուր։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ Աստծո հետ մեզ հաշտեցնելով՝ միավորեցիր նաև միմյանց հետ։ Պարգևիր Քո լիակատար խաղաղությունը բոլոր քրիստոնյաներին։ Ամեն:








Աստվածաշունչը մեկ տարում      |      Նեեմիա 12-13, Գործք Առաքելոց 4․23-37