Հունիսի 13-14-ը, Աղվերանի հարուստ բնության գրկում, Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու 19 հովիվներ իրենց կանանց հետ մասնակցեցին «Վերնատան» ձևաչափով հանդիպմանը՝ հաղորդակցության, հանգստի և ուսուցման նպատակով։ Երկօրյա համագումարի նպատակն Աստծուն միասին փառաբանելը, բնության գրկում շփումը, խաղերն ու Աստծո Խոսքի սերտողությունն էին։
Բաց և անկաշկանդ հաղորդակցությանը, ջերմ շփումներին, եղբայրական սիրուն, փորձի փոխանակմանը և միմյանց քաջալերող զրույցներին զուգահեռ՝ տեղի ունեցան նաև հոգևոր հաղորդակցության, աղոթքի և պաշտամունքի խորը պահեր։ Առաջին օրվա միասնական փառաբանությանը, հոգևոր երգերի ակապելա կատարմանը հաջորդեց Սուրբ Գրքից պատգամ։ Պատվելի Խաչիկ Նազարյանը, հիմնվելով Հովել 2.12-17 համարների վրա, անդրադարձավ անհատական և համայնքային ապաշխարության կարևորությանը՝ ընդգծելով. «Քանի դեռ ապրում ենք, հույս կա, որ Տերը կողորմի մեզ»։
«Հոգևոր հովվությունը ծառայություն է, որն իրականացվում է շուրջօրյա՝ 24/7 ռեժիմով։ Բայց կարևոր է հիշել նաև հանգստի մասին, որն Աստծո պատվերն ու պարգևն է։ Այսօր փորձեք հանգստանալ, վայելել բնությունն ու միմյանց ընկերակցությունը, թոթափել հոգնածությունն ու ուրախությամբ ընդունել այս առանձնաշնորհումը», - ասաց ՀԱԵ ավագ հովիվ վերապատվելի Ավետիք Խաչատրյանը և հրավիրեց պատվելի Դավիթ Բաբայանին։ Նա իր յուրահատուկ՝ ինտելեկտուալ և ժամանցային խաղերով ավելի հիշարժան դարձրեց «Հովիվ և կին «Վերնատուն»»-ը։
Հանդիպման երկրորդ օրը նվիրված էր ուսուցմանը։ Այն սկսվեց միասնական պաշտամունքով՝ հոգևոր երգերով և Աստծո Խոսքից պատգամով։ Վեր. Սարգիս Օչինյանը Ղուկաս 23.32-42 համարների հիման վրա կառուցած պատգամը վերնագրել էր «Ավազակի հետքերով»։
Խաչելության պահին Քրիստոսի աջ և ձախ կողմերում խաչված ավազակները նույն կարգավիճակում էին, բայց նրանց ապագան տարբեր էր։ Մեկն արժանացավ Քրիստոսի հետ լինելու արտոնությանը, քանի որ, նույնիսկ կյանքի վերջին վայրկյաններին, հոսանքին հակառակ գնաց, ինքնուրույն մտածեց և մեռնող, մարդկայնորեն փրկության կարիք ունեցող Քրիստոսի մեջ տեսավ Փրկչին։
Պաշտամունքին հաջորդեց դասընթացը՝ հրավիրյալ բանախոսներով։ Սփյուռքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Հայկազյան Համալսարանը, այս օրերին նշում է իր հիմնադրման 70-ամյակը, որի շրջանակում տոնակատարություններ են անցկացվում նաև Հայաստանում։ Այդ առիթով հայրենիքում էին համալսարանի նախագահը՝ վեր. դոկտոր Փոլ Հայդոսթյանը և նրա տիկինը՝ Մարալ Հայդոսթյանը։ Հովվական, հոգևոր և կրթական ոլորտներում բազմամյա փորձ ունեցող այս զույգը, իրենց հագեցած գրաֆիկում, ժամանակ էին հատկացրել նաև ՀԱԵ հովիվներին ու նրանց կանանց՝ կարևոր թեմայի շուրջ խոսելու համար։
«Ջահը փոխանցել»՝ այսպես էր վերնագրել իր խոսքը վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը, ով նաև Հայ Ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահն ու Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության նախագահի տեղապահն է։ Նա խոսեց Ավետարանի Բարի Լուրը սերնդեսերունդ փոխանցելու կարևորության մասին, ապա անդրադարձավ Հայ Ավետարանական Եկեղեցու 180-ամյա ավանդությանը, որպես ջահակիր։
«Հիշեցե՛ք ձեր առաջնորդներին, որոնք Աստծո Խոսքը խոսեցին ձեզ. նայեցե՛ք նրանց կյանքի վախճանին և հետևեցե՛ք նրանց հավատի օրինակին» (Եբրայեցիներին 13.7)։ Այս խոսքի հիման վրա վեր. դոկ. Հայդոսթյանը շեշտեց, որ հավատքի ջահը փոխանցելու հիմքը Աստծո Խոսքն է։ Նա հիշեցրեց նաև Բ Տիմոթեոս 1.5-ը, որտեղ Պողոս Առաքյալն անդրադառնում է Տիմոթեոսին հավատքի ջահը փոխանցած մորն ու տատին։ Վեր. դոկ. Հայդոսթյանը կոչ արեց ներկաներին հիշել իրենց կյանքում այն մարդկանց, որոնց միջոցով հավատքի ջահը փոխանցվել է իրենց։
Վերապատվելին նաև կիսվեց իր անձնական վկայությամբ՝ պատմելով իր նախնիների օրինակները և առանձնացնելով Հայ Ավետարանական ժառանգության չորս առանցքային կետերը.
- Բարեպաշտություն - ավետարանականության հիմնասյուներից է։
- Սուրբ Գիրք - կենտրոնական տեղ ունի ավետարանականների կյանքում։
- Զոհողություն - ծառայությունն անխուսափելիորեն պահանջում է անձնական զոհողություն։
- Հովվական հոգատարություն - կարևոր ու անփոխարինելի արժեք։
Մարալ Հայդոսթյանն էլ իր հերթին պատմեց, թե ինչպես իրեն փոխանցվեց հավատքի ջահը, և ինչ մեծ դեր են ունեցել այդ ճանապարհին ընտանիքը, ուսուցիչները և հոգևոր առաջնորդները։
«Ուստի դու, որդյա՛կ իմ, զորացի՛ր շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է։ Եվ այն, ինչ ինձանից լսեցիր բազմաթիվ վկաների ներկայությամբ, հավատարիմ մարդկանց ավանդիր, որոնք ընդունակ են նաև ուրիշներին ուսուցանել» (Բ Տիմոթեոս 2.1-2)։
Այս խոսքի հիման վրա վեր. դոկ. Փոլ Հայդոսթյանը շեշտեց, որ ՀԱԵ հովիվներն ու երեցկանայք կարևոր օղակ են հավատքի ջահի փոխանցման գործընթացում։ Ուստի՝ Տիրոջ զորությամբ և Աստծո Խոսքի զինմամբ պետք է շարունակել լինել այդ լուսավորության և դրա բերած ազատության ջահակիրները։