Հովհաննես 14․16-19 Շաբաթ | Հունիս 21
Եվ ես Հորը կխնդրեմ, և ձեզ ուրիշ Մխիթարիչ կտա, որպեսզի հավիտյան ձեզ հետ լինի ճշմարտության Հոգին․․․: Հովհ․ 14․16-17
ԵՍ ԿՆՍՏԵՄ ՔՈ ԿՈՂՔԻՆ
Քսանմեկ տարեկանում գրող Էմիլի Օուենը հիվանդացավ նյարդաբանական հազվադեպ հանդիպող հիվանդությամբ։ Նա կորցրեց լսողությունը և դադարեց քայլել։ Մի օր նրա յոթամյա զարմուհին, ով սիրում էր Լոնդոնի ավտոբուսների երկրորդ հարկում երթևեկել, առաջարկեց Էմիլիին գնալ տեղի թանգարան։
«Ավտոբուսում անվասայլակի համար տեղ կա։ Կարող ես այդտեղ նստել», - ասաց աղջիկը,- «Իսկ ես քեզ հետ կնստեմ»։ Էմիլին հուզվեց. փոքրիկն իր սիրելի երկրորդ հարկ գնալու փոխարեն, որոշեց մնալ իր հետ։
Պատմելով այս մասին իր գրքում՝ Էմիլին ավտոբուսի անվասայլակի համար հատկացված տեղն օգտագործել է որպես կյանքի դժվարությունների փոխաբերություն՝ համեմատելով այն վայրերի հետ, որտեղ մենք հայտնվում ենք մեր կամքին հակառակ։ Երբ կյանքը դժվարանում է, կարևոր է ունենալ ընկեր, ով պատրաստ է աջակից լինել։ Բայց եթե նույնիսկ այդպիսի մեկը չգտվի, միևնույնն է, Աստված մեր կողքին կլինի։
Հիսուսը գիտեր, որ Իր մահից և հարությունից հետո աշակերտներն աջակցության կարիք կունենան։ «Ես ձեզ որբ չեմ թողնի. կգամ ձեզ մոտ», - ասաց Նա (Հովհ․ 14․18): Տերը խոստացավ տալ նրանց (և մեզ) Սուրբ Հոգուն՝ «ուրիշ Մխիթարիչ», Ով երբեք չի լքի մեզ (հ․ 16):
Եթե մեզ լքված ու միայնակ զգանք, պատկերացնենք, որ մեր աջ կողմում Հիսուսն է, ով մեզ հետ է «մինչև աշխարհի վերջը» (Մատթ․ 28․20), իսկ ձախ կողմում Սուրբ Հոգին՝ մեր Մխիթարիչն ու Օգնականը։ Մենք երբեք միայնակ չենք։
Մտաբերե՛նք այն մեկին, ով այժմ դժվարությունների մեջ է, և ում կողքին կարող ենք պարզապես «նստել»՝ աջակցելու, լսելու և նրա հետ ժամանակ անցկացնելու համար։
Աղոթք – Սիրելի՛ Տեր, շնորհակալ եմ, որ երբեք միայնակ չես թողնում։
Շնորհակալ եմ Սուրբ Հոգուդ համար, որ ապրում է իմ մեջ և օգնում ամեն օր։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Եսթեր 3-5, Գործք Առաքելոց 5․22-42