.
Կայացավ 2018թ.-ի ՀԱԵ-ի տարեկան ժողովը

Հոկտեմբերի 7-9-ը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու Հայաստանի եւ Արցախի 23 համայնքների հովիվներն ու հոգաբարձուները, պատվո հյուրի կարգավիճակում՝ նաեւ երեցկանայք,  Հանքավանի «ՇԻԻՆ Շողիկ» ճամբարում էին՝ ամփոփելու անցնող տարին եւ նախագծելու առաջիկա ծրագրերը, ինչպես նաեւ ընտրելու ՀԱԵ ղեկավար մարմնի՝ խորհրդի կազմը:

ՀԱԵ տարեկան ժողովի պատվո հյուրերն էին նաեւ Ֆրանսիայի ՀԱԵ միության նախագահ վեր. Ժոել Միքայելյանն իր տիկնոջ՝ Անի Միքայելյանի հետ: Վերապատվելին հրավիրվել էր՝ որպես միության ժողովի պատգամաբեր: Քարոզների շարքը վերնագրված էր «Հիսուսին նայել» եւ վերցված էր Եբրայեցիս 12.1-2 համարներից: Աստծո խոսքի պատգամների միջոցով համագումարի ընթացքում վեր. Միքայելյանը հորդորեց ներկաներին Հիսուսին նայել՝ կարեւորելով նախ անդրադարձը, թե ո՞վ է Հիսուսը, ինչպե՞ս նա ապրեց երկրային կյանքը, ի՞նչ սովորեցրեց իր սեփական օրինակով եւ ի՞նչ մարտահրավերներ ունի այսօր Հիսուսին նայող յուրաքանչյուր հովիվ, հոգաբարձու ու ծառայող:

ՀԱԵ միության աշխատանքային ժողովների ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ վեր. Մկրտիչ Մելքոնյանին, ով, ամփոփելով աշխատանքային տարին, խոսեց ՀԱԵ ծառայությունների, հովիվների վերապատրաստման ու այլ ծրագրերի մասին, նշեց ձեռքբերումներն ու մարտահրավերները: Զեկույցով հանդես եկավ նաեւ ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության տնօրեն վեր. Ավետիք Խաչատրյանը: Նա, ամփոփելով ՔԴ նոր աշխատակազմի մեկ տարվա գործունեությունը, իր զեկույցը բաժանեց 3 մասի: Նախ խոսեց ՀԱԵ ՔԴ բաժնի առաջին ամիսներին կատարած հետազոտությունների մասին, այնուհետեւ ներկայացրեց իրականացրած ծրագրերն ու առաջիկա նախաձեռնությունները:

Անցնող աշխատանքային տարին ամփոփեցին նաեւ ՀԱԵ  խորհրդի անդամները՝ նախագահ վեր. Ալբերտ Փայտյանը, գանձապահ վեր. Սարգիս Օչինյանը, ատենադպիր պատ. Ատոմ Սիմոնյանը, ինչպես նաեւ հովվական հանձնախմբի ատենապետ վեր. Հովհաննես Հովսեփյանը, տիկնանց, տղամարդկանց եւ զույգերի ծառայությունները համակարգող պատասխանատուները` Էլիզ Բաղդասարյանը, վեր. Վարդան Ափինյանը եւ վեր. Արթուր Օչինյանը:

Գործնական ժողովներից ու հաշվետվություններից բացի երկօրյա համաժողովին եղան նաև վերապատրաստման սեմինարներ: ՀԱԵ ավագ հոգեւոր հովիվ Վեր. Մկրտիչ Մելքոնյանը հոգաբարձության ատենդապիրներին սովորեցրեց արձանագրություններ կազմելու մեթոդները, իսկ հաշվապահներին եւ հովիվներին՝ եկեղեցու հաշիվներն ու գանձանակը ղեկավարելու սկզբունքները: ՀԱԵ մեդիա պատասխանատուները հնարավորություն ունեցան ծանոթանալու նաեւ կիրակնօրյա պաշտամունքների ընթացքում տեսապատկերների ու մուլտիմեդիայի օգտագործման սկզբունքներին ու գործիքակազմին:

Ժողովի երկրորդ օրվա համար նախատեսված մշակութային երեկոն հարստացավ ժողովի մասնակիցների ասմունքով ու երգերով:

Համաժողովն ավարտվեց ՀԱԵ բարձրագույն մարմնի՝ խորհրդի կազմի ընտրությամբ եւ հաղորդության պաշտամունքով: 

 

Նախորդ
...
X