.
2025թ., Հունիսի 25

Դանիել 2․1-5, 13-19                                                                          Չորեքշաբթի   |   Հունիս 25

 

 

«Ճշմարտապես ձեր Աստվածն է ․․․ գաղտնիքներ հայտնողը, որովհետև դու կարողացար հայտնել այս գաղտնիքը»։ Դան․ 2․47

 

ՉՄՈՌԱՆԱՆՔ ԱՍՏԾՈՒՆ ՄԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ

 

Հարյուրավոր հյուրեր տեղավորվել էին դահլիճում՝ նշելու բարեգործական կազմակերպության 50-ամյակը և պատվելու նրանց, ովքեր տարիների ընթացքում ներդրում են ունեցել այդ աշխատանքներում: Հիմնադիրներից մեկն իր ողջույնի խոսքում նշեց, որ չնայած հազարավոր ժամերի աշխատանքին և միլիոնավոր ֆունտ ստերլինգ դրամաշնորհներին, նրանք չէին հաջողի առանց Աստծո: Նա իր խոսքն ամփոփեց՝ ասելով. «Կազմակերպությունը բարգավաճել է ոչ թե մարդկային ջանքերի շնորհիվ, չնայած մարդկանց դերը նույնպես անգնահատելի է, այլ Աստծո շնորհով»:

Դանիելը նույնպես հասկանում էր, որ բարի պարգևները պետք է վերագրվեն Աստծուն։ Երբ Նաբուգոդոնոսոր թագավորը մարգարեական երազ տեսավ, նա կանչեց Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի նրանք մեկնաբանեն տեսիլքը։ Շփոթված իմաստունները պատասխանեցին, որ երկրի վրա ոչ ոք չի կարող դա անել։ Դա պահանջում էր աստվածային կարողություն (Դան. 2․10-11)։ Դանիելը համաձայնեց. «Այդ գաղտնիքը, որ թագավորը պահանջում է, իմաստունները, հմայողները, մոգերը և գուշակները չեն կարող ասել թագավորին։ Բայց գաղտնիքներ հայտնող մի Աստված կա երկնքում․․․» (հ․ 27-28)։ Աղոթքում Դանիելը խնդրեց Տիրոջը մեկնել երազը, և երբ առեղծվածը բացահայտվեց, նա խոնարհաբար բացատրությունը վերագրեց ոչ թե իր սեփական իմաստությանը, այլ  Աստծուն (հ․ 30, 45)։

Նվաճումներ տոնելը լավ է, բայց միևնույն ժամանակ մենք պետք է փառք տանք Աստծուն, քանի որ մեր կյանքում ամեն ինչ, որ գովասանքի է արժանի, գալիս է Նրանից։

 

Ինչպե՞ս է Աստված վերջին ժամանակներում հոգացել մեր մասին։

Ինչու՞ է երբեմն դժվար լինում Նրան փառք տալը։

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ Դու ես ամեն բարիք շնորհողը։ Ամեն:





Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 3-4, Գործք Առաքելոց 7․44-60