.
«Սովորել օգնել մարդկանց»․ քրիստոնեական խորհրդատվության դասընթաց ՀԱԵ ծառայողների համար

Ավելի քան 60 հոգևոր ծառայող մի վայրում, մեկ նպատակի շուրջ՝ սովորելու, թե ինչպես Աստծո Խոսքի լույսի ներքո աջակցել մարդկանց ամենաբարդ պահերին։

Հունիսի 16-18-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում տեղի ունեցավ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու (ՀԱԵ) ծառայողների համար կազմակերպված եռօրյա մասնագիտական դասընթաց՝ նվիրված քրիստոնեական խորհրդատվության հմտություններին։ Դասընթացը կրում էր «Սովորել օգնել մարդկանց» համանուն գրքի խորագիրը։

Մասնակիցների թվում էին ՀԱԵ հովիվներ, երեցկանայք, քրիստոնեական դաստիարակության պատասխանատուներ և համայնքային առաջնորդներ, ովքեր ներգրավված են կամ կարող են ներգրավվել տեղական եկեղեցիներում՝ քրիստոնեական խորհրդատվության և հոգևոր խնամքի ծառայություններում։

Դասընթացը վարում էր ԱՄՆ-ից ժամանած հոգեբանության և քրիստոնեական խորհրդատվության ոլորտում միջազգային ու բազմամյա փորձառություն ունեցող մասնագետ՝ դոկտոր Էվելին Բայլզը։ Վերջին տարիներին նա այս դասընթացն անցկացրել է աշխարհի երեք մայրցամաքներում՝ տասնյակ երկրներում։

Դասընթացի ընթացքում շեշտադրվեց այն համոզումը, որ հոգևոր խորհրդատվությունը պարզապես հմտությունների համախումբ չէ, այլ խորապես արժեքային և Աստծո Խոսքի վրա հիմնված մոտեցում, որն իրապես զորավոր է դառնում, երբ իրականացվում է Սուրբ Հոգով առաջնորդվող խորհրդատուների միջոցով։

Թեև ուսուցումը խիտ էր՝ 15 ժամ ընդամենը երեք օրվա ընթացքում, այն իրականացվեց ինտերակտիվ մեթոդներով։ Մասնակիցները ներգրավված էին ոչ միայն տեսական դասախոսությունների, այլև գործնական վարժությունների մեջ՝ զարգացնելով լսելու, ըմբռնելու, ճիշտ հարցեր ձևակերպելու և հոգևոր ու անձնական խնդիրներին արձագանքելու կարևոր հմտություններ։

«Քրիստոնեական խորհրդատվությունը կոչված է լինել հույս ու բժշկություն բերող միջավայր՝ հատկապես այսօրվա բարդ իրականության մեջ։ Մենք փորձում ենք տեսնել մարդու ներսի ցավն այնպես, ինչպես Աստված է տեսնում», - ընդգծեց դոկտոր Բայլզը։

Դասընթացի օրերին հոգևոր սնուցումն անբաժան էր մասնագիտականից։ Յուրաքանչյուր օր սկսվում էր պաշտամունքով, փառաբանության երգերով և սուրբգրային պատգամներով․

  • Առաջին օրը Վեր. Հրանտ Բադալյանը ներկայացրեց Ղուկասի ավետարանից (21․1-4) աղքատ որբևայրու պատմությունը՝ որպես Աստծո համար լավագույնը տալու պատրաստակամության օրինակ։
  • Երկրորդ օրը Վեր. Ավետիք Խաչատրյանն անդրադարձավ Մարկոսի ավետարանում (10․46-52) կույր Բարտիմեոսի բժշկության պատմությանը՝ շեշտելով իրական հավատքի չափանիշներն ու զորությունը։
  • Երրորդ օրը Վեր. Գառնիկ Թութիկյանը խոսեց Եփեսացիներին 1․22-23 համարների հիման վրա՝ Քրիստոսի Մարմնի անդամ լինելու կոչման և գործառույթների մասին։

Դասընթացն ավարտողներին “Global Mosaic International” կազմակերպության կողմից կտրամադրվի վկայականներ՝ 15-ժամյա ծրագրին մասնակցության համար։

Այս նախաձեռնությունը ՀԱԵ ծառայողների համար դարձավ ոչ միայն հոգևոր և մասնագիտական վերազինման հարթակ, այլև զորացման հնարավորություն՝ մարդկանց ծառայելու և նրանց կյանքերում փոխակերպում բերելու ճանապարհին։ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին շարունակում է կարևորել առաջնորդների շարունակական կրթությունն ու հոգևոր հասունացումը՝ ի փառս Աստծո և ի ծառայություն մարդկանց։

 

Նախորդ
...
X