Մարկոս 1․35-39 Հինգշաբթի | Հունիս 26
Նրանց ասաց. «․․․․ դրա համար եմ եկել»։ Մարկ․1․38
ՔՐԻՍՏՈՍԸ՝ ՈՐՊԵՍ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ
«Դուք հրավիրված եք որպես պատգամաբեր ծառայելու համազգային հովվական համաժողովում»։ Կարդալով այս հրավերը՝ Հոսեն պատասխանեց. «Խնդրում եմ, ժամանակ տվեք աղոթելու համար»։ Որոշ ժամանակ անց նա մերժեց հրավերը՝ բացատրելով. «Աստված ինձ կանչել է աշխատելու մի միսիոներական նախագծի վրա, իսկ համաժողովին խոսելը շատ ժամանակ և էներգիա է պահանջում։ Ես ուզում եմ անել այն, ինչ Աստված է ուզում»։
Հոսեի համար Աստծո կամքը կատարելն առաջնահերթություն էր։ Հիսուս Քրիստոսը նույնպես Աստծո կամքն իր համար դարձրեց առաջնահերթություն։ Կափառնայումում բազմաթիվ հիվանդների և դիվահար մարդկանց բուժելուց հետո առավոտյան Հիսուսը գնաց մի ամայի տեղ՝ աղոթելու (Մարկոս 1․32-35)։ Աշակերտները գտան Նրան և ասացին. «Բոլորը քեզ են փնտրում» (հ․ 37)։ Նրան փնտրողներից ոմանք, հավանաբար, հույս ունեին բժշկվել։ Սակայն Հիսուսը թույլ չտվեց, որ նրանց կարիքները կամ Իր հանկարծակի ձեռք բերած ժողովրդականությունը որոշեն հաջորդ քայլը։ Նա ասաց, - «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել» (հ․ 38)։ Այդ պահին Նրա ծառայությունը պետք է շարունակվեր Գալիլեայի մյուս վայրերում՝ Ավետարանը քարոզելով։
Ինչպե՞ս կարող ենք իմանալ Աստծո կամքը մեզ համար։ Մենք կարող ենք դիմել Նրան աղոթքով, առաջնորդվել Նրա Խոսքով և խնդրել հոգևորապես հասուն հավատացյալների խորհուրդը։
Եկե՛ք քայլենք մեր կյանքի ճանապարհով՝ խնդրելով Տիրոջը, որ առաջնորդի մեզ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ցույց տո՛ւր ինձ, թե ի՛նչ ես կամենում, որ անեմ՝ Քո կամքին համեմատ։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 5-7, Գործք Առաքելոց 8.1-25