Դատավորներ 6․1-16 Ուրբաթ | Հունիս 27
Գեդեոնը նրան ասաց. «Ո՜հ, Տե՛ր իմ, ես ինչո՞վ ազատեմ Իսրայելը». Եվ Տերը նրան ասաց. «Ես քեզ հետ պիտի լինեմ»։ Դատ․ 6․15-16
ԱՍՏՎԱԾ ԿԱՐՈՂ Է
Մանկաբույժի ախտորոշումը խորը նյարդաբանական հիվանդության մասին առաջին հարվածն էր այն բոլոր ցնցումների շարքում, որոնք մեզ բաժին հասան մեր դստեր հաշմանդամության հետ կապված։ Ամեն անգամ, երբ ասում էի՝ «Ես այլևս ուժ չունեմ», Աստված խոստանում էր. «Ես քեզ հետ կլինեմ»։ Եվ Նա իսկապես մեզ հետ էր։
Գեդեոնը կանգնած էր անհնարին խնդրի առաջ։ Մադիանացիների հերթական ամենամյա թալանը մոտենում էր, և հենց այդ ժամանակ երիտասարդին հայտնվեց Տիրոջ հրեշտակը՝ ասելով. «Գնա՛ ․․․ և Իսրայելն ազատի՛ր» (Դատ. 6․14)։ Գեդեոնը փորձեց հրաժարվել։ Քաջությամբ աչքի չընկնող, համեստ ընտանիքից սերված այս մարդն իրեն լիովին անպատրաստ էր զգում այդպիսի մեծ առաքելության համար (հ․ 15)։
Սակայն Գեդեոնի առավել լուրջ խնդիրն այն էր, որ նա կարծում էր, թե Աստված լքել է Իր ժողովրդին (հ․ 13)։ Նա դեռ պետք է գիտակցեր, որ այն, ինչն անհնար է մարդկանց, հնարավոր է Աստծո համար։ «Ես քեզ հետ պիտի լինեմ, և դու մեկ մարդու պես պիտի զարկես Մադիամին» - ասաց Տերը (հ․ 16)։ Գեդեոնը հենց այս խոսքի կարիքն ուներ։ Թեպետ նրա հետագա քայլերը միշտ չէ, որ լի էին վստահությամբ, այնուամենայնիվ նա վերափոխվեց մի առաջնորդի, ով անցավ «ես չեմ կարող» խոսքից դեպի հաղթական մարտական կոչ. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել» (Դատ. 7․15)։
Գեդեոնը հասկացավ, որ երբ մենք վստահում ենք Աստծուն, մեր անկարողությունը նահանջում է Նրա կարողության առաջ։ Հիշե՛նք դա այն պահին, երբ մեր սրտում ու մտքում հնչում է՝ «Ես չեմ կարող» արտահայտությունը։
Ի՞նչ հարցի կամ իրավիճակի դեպքում ենք ասում՝ «ես չեմ կարող»։ Մենք ամեն բան կարող ենք մեզ զորացնող Քրիստոսով։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ Քեզ համար անհնարին ոչինչ չկա։
Ես իմ «չեմ կարող»-ները հանձնում եմ Քեզ։ Արա այն, ինչ կամենում ես։ Ամեն:
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 8-10, Գործք Առաքելոց 8.26-40