.
2025թ., Հունիսի 28

Բ Օրենք 20․1-4                                                                                          Շաբաթ   |   Հունիս 28

 

Որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի․․․ Բ Օր․ 20․4

 

ՊԱՅՔԱՐ ՄԵԶ ՀԱՄԱՐ

 

Մայրը հասկացավ, որ լուրջ բան է պատահել, երբ փողոցից լսվեց իր հինգ տարեկան որդու սարսափեցնող ճիչը։ Վազելով՝ դռան առաջ նա տեսավ, որ երեխայի վրա հարձակվել է մի հովազ։ Կինը ժամանակ չուներ խուճապի մատնվելու համար. նա նետվեց գազանի վրա։ Դիմանալով գազանի թաթերի հարվածներին՝ նա հասավ կենդանու ծնոտին ու որդու գլուխը դուրս քաշեց նրա ատամների միջից։

Այդ փոքրիկին ամենասարսափելի պահին անհրաժեշտ էր, որ մայրը պայքարեր իր փոխարեն։ Երբեմն մեզ էլ է դա անհրաժեշտ, և հենց այդ ժամանակ օգնության է գալիս Երկնային Հայրը։ Երբ Աստծո ժողովուրդը մոտեցավ Ավետյաց երկրին, Մովսեսը սկսեց նրանց նախապատրաստել։ Նա ասաց իսրայելացիներին, որ նրանք չպետք է վախենան իրենց բազմահազար թշնամիներից․ «Որովհետև ձեր Տեր Աստվածը գնում է ձեզ հետ, որպեսզի ձեզ համար պատերազմի» (Բ Օր․ 20.4)։ Առջևում վտանգ կար, սակայն նրանց հետ էր Ամենակարող Աստված։

Մենք գիտենք Աստծո կարեկցանքի և հոգատարության մասին, սակայն երբ վտանգն արդեն իրական է, մեզ հարկավոր է հիշել, որ Տերը պատրաստ է կռվել Իր ժողովրդի համար (Բ Օր․ 20.1)։

Կյանքը կարող է դժվար լինել: Նույնիսկ վտանգավոր: Մենք կարող ենք հանկարծ հայտնվել թշնամու ճիրաններում, որը, ինչպես մռնչացող առյուծ, ուզում է կուլ տալ (Ա Պետ. 5․8): Բայց Աստված Ինքը մեզ Իր զավակները կոչեց։ Նա պատրաստ էր մեռնել մեզ համար (Հռոմ. 5․6-8): Աղաղակե՛նք Նրան, քանի որ Նա շարունակաբար պայքարում է Իր ժողովրդի համար:

 

Ինչպե՞ս կարող է այս խորհրդածությունը փոխել մեր վերաբերմունքը ներկա դժվարությունների նկատմամբ։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ պայքարում ես ինձ համար։ Ես միշտ չէ, որ տեսնում եմ, թե ինչ ես անում, բայց օգնի՛ր ինձ վստահել քեզ։ Ամեն




Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 11-13, Գործք Առաքելոց 9․1-21