Եբրայեցիներին 12․1-3 Երկուշաբթի | Հունիս 30
Դեն գցենք ամեն ծանրություն և մեղքը, որ մեզ հեշտությամբ է պաշարում։ Եբր․ 12․1
ՄԵՂՔԻ ԿԱՊԱՆՔՆԵՐՈՒՄ
Իմ այգին լի էր ձմերուկներով։ Նրանց երկար ընձյուղները բարձրացել էին քարե արահետով, փաթաթվել ցանկապատին և խեղդում էին աճեցրած բանջարեղենս։ Գիտեի, որ եթե միջոցներ չձեռնարկեի, բերք չէր լինի։ Այսպիսով, մի երեկո ես սկսեցի աշխատել՝ զգուշորեն հեռացնելով բոլոր վնասակար ընձյուղները։ Երբ որոշ ժամանակ անց դրանք նորից աճեցին, ես կրկնեցի ընթացակարգը և շարունակեցի կտրել դրանք, մինչև որ իմ մարգերում հասունացան գեր լոլիկներն ու փայլուն պղպեղները։
Այնպիսի մեղքերը, ինչպիսիք են ագահությունը, կրքերը և ատելությունը, կարող են տիրել մեր կյանքին, ինչպես ձմերուկի որթատունկերը, որոնք տիրել էին իմ այգուն։ Եթե այդ մեղքի մոլախոտերը չնկատենք և չմաքրենք, դրանք կսկսեն արագ աճել՝ իշխելով մեր ցանկությունների ու գործողությունների վրա՝ խոչընդոտելով հոգևոր աճին։
Եբրայեցիներին ուղղված նամակի հեղինակը գրում է «մեղքի մասին, որը հեշտությամբ մեզ պաշարում է» և կոչ է անում ընթերցողներին մի կողմ դնել «ամեն ծանրություն» և «համբերությամբ վազել մեր առջև դրված մրցավազքը» (Եբր․ 12․1): Ազատագրվելու համար պետք է ընդունենք, որ մեր ներսում ամեն ինչ կարգին չէ, և որ մենք իսկապես Աստծո օգնության կարիքն ունենք։ Սա կարող է դժվար լինել, հատկապես, եթե մենք համոզել ենք ինքներս մեզ և ուրիշներին, որ ոչ մի լուրջ բան չի կատարվում:
Բայց եթե մենք ընդունենք մեր խնդիրը և դիմենք Տիրոջը, Նա կների մեզ (Ա Հովհ․ 1․9), ցույց կտա, թե ինչ է պետք փոխել, և Սուրբ Հոգու զորությամբ կօգնի ազատվել այն կապանքներից, որոնք խանգարում են մեր աճին և բարգավաճմանը։
Ի՞նչ մեղք է տիրում մեր կյանքի վրա այսօր։
Ինչպե՞ս կարող ենք Տիրոջ օգնությամբ հաղթահարել։
Աղոթք – Տե՛ր, ների՛ր ինձ այն ամենի համար, ինչով վշտացրել եմ Քեզ, և օգնի՛ր ինձ փոխվել Քո կամքին համեմատ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 17-19, Գործք Առաքելոց 10․1-23