.
2025թ., Հուլիսի 1

Ա Թագավորների 12․16-25                                                                   Երեքշաբթի   |   Հուլիս 1

 

Բայց ես, քա՛վ լիցի, որ մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց․․․։ Ա Թագ․ 12․23

 

ՍԵՐ՝ ԱՂՈԹՔԻ ՄԻՋՈՑՈՎ

 

«Չգիտեմ, թե այսօր որտեղ կլինեի, եթե մայրս չաղոթեր ինձ համար։ Կասկածում եմ, որ ընդհանրապես կենդանի լինեի», - ասաց իմ ընկեր Ռահիմը։ Նա նախկին թմրամոլ էր, որը բանտարկվել էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար։ Մի օր սուրճի ժամանակ նա պատմեց, թե ինչպես են մոր աղոթքները փրկել իր կյանքը․ «Նույնիսկ երբ ես նրան շատ էի նեղացնում, նա, միևնույնն է, սիրում էր ինձ ու շարունակում  աղոթել։ Ես շատ խնդիրներ ունեի, բայց եթե նա չաղոթեր ինձ համար, ես շատ ավելի շատ խնդիրներ կունենայի»։

Հին Կտակարանը ևս պատմում է մի մարդու մասին, որի հավատարմությունն Աստծուն և Նրա ժողովրդին դրսևորվում էր աղոթքների միջոցով։ Մի անգամ, երբ իսրայելացիները վախեցան թշնամու ներխուժումից, նրանք Աստծուն վստահելու փոխարեն որոշեցին իրենց համար թագավոր ընտրել։ Այս որոշումը խորապես վշտացրեց Սամուել մարգարեին։ Սավուղի թագադրման օրը Գաղգաղայում՝ Աստված անձամբ արտահայտեց Իր դժգոհությունը՝ անսպասելի փոթորկի միջոցով, ինչը խիստ վախեցրեց իսրայելացիներին և ստիպեց նրանց զղջալ իրենց որոշման համար (Ա Թագ. 12․16-18)։

Ժողովուրդը խնդրեց Սամուելին բարեխոսել իրենց համար, և նա պատասխանեց. «մեղք գործեմ Տիրոջ դեմ՝ դադարելով ձեզ համար աղոթք անելուց» (հ․ 23):

Սամուելի պատասխանը մեզ հիշեցնում է, որ ուրիշների համար աղոթելն Աստծուն մեր սրտերում և կյանքում գերակայություն տալու միջոցներից մեկն է։ Երբ մենք սիրում և աղոթում ենք ուրիշների համար, կարող ենք ականատես լինել Աստծո զարմանահրաշ գործերին։ Բաց չթողնենք այդ հնարավորությունը։

 

Ինչպե՞ս է աղոթքի կյանքն օգնում մեզ մշտապես կենտրոնանալ Աստծո վրա:

Ո՞ւմ համար կարող ենք աղոթել այսօր:

 

Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ երբեք չես դադարում հոգալ իմ կարիքների համար։

Օգնի՛ր ինձ հետևել Սամուելի օրինակին և սիրել մյուսներին իմ աղոթքներով։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Հոբ 20-21, Գործք Առաքելոց 10․24-48