Բ Կորնթացիներին 3․7-18 Չորեքշաբթի | Հուլիս 2
Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը․․․։
Բ Կոր․ 3․18
ՓԱՌՔԻՑ ՓԱՌՔ
Ապրելով ափամերձ քաղաքում՝ Վալերին սիրում էր լողալ և լուսանկարել բնությունը։ Բայց ամենից շատ նա սիրում էր դիտել արևածագը։ Ամեն առավոտ նա արթնանում էր լուսաբացից առաջ՝ հիանալու զարմանահրաշ տեսարանով։ Վալերիի հաշվարկներով, չնայած ամպամած եղանակին և ճանապարհորդություններին, տարեկան կարողանում էր տեսնել ավելի քան երեք հարյուր արևածագ։ Եվ նա երբեք չէր հոգնում դրանից։ Յուրաքանչյուր արևածագ իր մեջ պարունակում էր մի շքեղություն, որը նա չէր ուզում բաց թողնել։
Աստվածաշնչի Ելք գիրքը պատմում է, թե ինչպես Տիրոջը հանդիպելուց հետո Մովսեսի «երեսը լուսափայլում էր» (Ելք 34․29): Պողոսն ասում է, որ Հիսուսի գալուստով մեզ տրվեց ավելի փառահեղ ծառայություն, քան Մովսեսին (Բ Կորնթ. 3․7-8): Դա Հոգու ծառայությունն է, որն «առատ է փառքով» (հ․ 8): Աստծո փրկության ծրագիրն ունի փառք, որը գերազանցում է իրեն նախորդող բոլոր փառքերին (հ․ 10), և մենք դրա մասն ենք կազմում: Առաքյալը գրում է. «Սակայն մենք բոլորս, բաց երեսով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ տեսնելով, նույն պատկերով կերպարանափոխվում ենք փառքի մի աստիճանից դեպի մյուսը» (հ․ 18): Այս աճող փառքը կախված չէ մեր ջանքերի չափից, այլ՝ Սուրբ Հոգուց։ Մենք, ինչպես ամպերը՝ արևածագի պահին, օրեցօր ավելի պայծառ ենք արտացոլում այն փառավոր գործը, որ կատարում է Նա։
Ե՞րբ ենք դժվարանում տեսնել Սուրբ Հոգու գործունությունը մեր կյանքում։
Ի՞նչն է օգնում հասկանալ, որ Նա գործում է մեր մեջ։
Աղոթք – Աստվա՛ծ իմ, Դու իմ մեջ փառավոր գործեր ես կատարում։
Շնորհակալ եմ, որ ինձ Քո պատկերին համապատասխան վերափոխեցիր։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 22-24, Գործք Առաքելոց 11