Բ Պետրոս 3․10-13 Ուրբաթ | Հուլիս 4
Բայց մենք, նրա խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում․․․։
Բ Պետ․ 3․13
ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԸ
Սառցադաշտերը հալվում են։ Մոլորակի ջերմաստիճանը բարձրանում է։ Բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ ոչնչանում են։ Գլոբալ տաքացման անդառնալի հետևանքներն ակնհայտ են։ Սեր Դեյվիդ Աթենբորոն կարծում է, որ «նույնիսկ մեզնից ամենազգույշը չպետք է մոռանա իր պատասխանատվությունը»։ Աստվածաշունչը նույնն է ասում. մենք Աստծո արարածներն ենք՝ ստեղծված նրա պատկերով և նմանությամբ՝ հոգ տանելու Իր ստեղծած աշխարհի մասին (Ծն․ 1․26)։ Բայց այդ հարգարժան հեռուստահաղորդավարը հավելում է՝ «Մենք պետք է գիտակցենք, որ մենք խոչընդոտներ ենք, և բնական աշխարհը շատ ավելի լավ տեղ կլիներ, եթե մենք չլինեինք դրա մեջ»։
Մասնագետները կանխատեսում են աշխարհի վերջը։ Շատ ձայներ մեղադրում են ու ամոթանք են հղում մեզ՝ պահանջելով լուծում այս խնդրի համար։ Իհարկե, մենք պետք է պատասխանատու և գիտակից լինենք, բայց մոլորակի ճակատագիրն իրականում մեր ձեռքերում չէ, այլ Աստծո։
Այս աշխարհի օրերը հաշված էին այն պահից, երբ մեղքն ու մահը մտան դրա մեջ։ Պետրոս առաքյալը գրեց, որ գալիս է «Տիրոջ օրը», երբ «երկինքը շառաչյունով պիտի անցնի, իսկ երկնային մարմինները հրով կիզված պիտի քանդվեն, և երկիրն ու նրա վրա եղած գործերն էլ պիտի այրվեն» (Բ Պետ. 3․10):
Այս գիտակցումը չպետք է կանգնեցնի մեզ հոգ տանել մեր «ժամանակավոր տան մասին»։ Սակայն մենք նաև «խոստման համաձայն, նոր երկնքի ու նոր երկրի ենք սպասում, որոնց մեջ արդարությունն է բնակվում» (հ. 13)։ Աստված ցանկանում է մեզ համար ստեղծել նոր տուն։ Եվ մինչ կլիմայի փոփոխության մասին խոսակցությունները շարունակվում են, մենք կարող ենք վստահել Նրա ծրագրին։ Նա կհեռացնի ապականվածը, որպեսզի մեզ հայտնի մեղքից անարատ հավիտենական Թագավորությունը։
Ի՞նչ զգացմունքներ են առաջացնում մեր մեջ կլիմայի փոփոխության մասին խոսակցությունները։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակենք վստահել մեր ապագան Աստծուն։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ խոստմանԴ համար՝ ստեղծելու նոր երկինք և նոր երկիր Քո ժողովրդի համար։ Օգնի՛ր ինձ միշտ հիշել այս մասին և հույսս դնել Քեզ վրա։ Ամեն
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 28-29, Գործք Առաքելոց 13․1-25