.
Ճամբարային առաքելության առաջամարտիկները․ Հանքավանում «ծառայության ամառը» սկսվեց առաջնորդների ճամբարով

Ամառը Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու մանուկների, պատանիների, երիտասարդների ու նրանց առաջնորդների համար սպասված ժամանակաշրջան է՝ ոչ միայն հանգստանալու, այլև հոգևոր աճի, նոր ընկերներ ձեռք բերելու և Աստծուն ծառայելու տեսանկյունից։ Բայց որպեսզի այդ շրջանը սահուն, հետաքրքիր ու անմոռանալի լինի՝ հիմքում ունենալով Աստծո Խոսքի ուսուցումը, մի ամբողջ տարի ՀԱԵ քրիստոնեական դաստիարակության բաժինը, ճամբարային ծրագրերի թիմերի հետ միասին, մտածում, ստեղծագործում, ուրվագծում ու թեմատիկ հստակ նախագծեր է մշակում ամառային ճամբարների համար։ Դրանք ներկայացնելու հարթակն առաջնորդների ճամբարն է, որով էլ մեկնարկում է ընդհանուր ճամբարային ամառը։

Հունիսի 22-23-ը Հանքավանի «Շողիկ» ճամբարում Հայաստանի տարբեր մարզերից հավաքվել էին նրանք, ովքեր երկու ամիս շարունակ իրենց ժամանակն ու ներուժը նվիրելու են Աստծո փառքի համար ճամբարականներին ծառայելուն։ Ավելի քան 160 առաջնորդ ու օգնական ծառայող նախ իրենք սովորեցին, որ հետո կարողանան սովորեցնել ու լիարժեք ներգրավվել բոլոր այն ծառայություններում, որոնք ճամբարների ծրագրային թիմերը գործնական կիրառման դաշտ են բերել։

24 ժամ՝ լեցուն միասնական պաշտամունքներով, աղոթքով, Աստծո Խոսքից պատգամներով, ծրագրերի հետ ծանոթությամբ և ուսուցմամբ։

Ճամբարի յուրաքանչյուր թիմ, ըստ տարիքային բաժանումների, ներկայացրեց մանուկների, պատանիների և երիտասարդների համար նախատեսված ճամբարային ծրագրերը, խոսեց թեմաների, մեթոդների, ծրագրային առանձնահատկությունների ու ակնկալիքների մասին։ Մասնակիցները նաև սովորեցին, թե ինչպես պետք է հոգատարությամբ ծառայեն և որն է հոգատարության աստվածաշնչյան հիմնավորումը։ Նրանք բացառիկ առիթ ունեցան լսելու հոգեբանության և քրիստոնեական խորհրդատվության միջազգային մասնագետ դոկտոր Էվելին Բայլզին, ով առաջնորդների ճամբարի հատուկ հյուրն էր։

Սա, թերևս, առաջնորդների համար հոգևոր աճի յուրահատուկ մի հանգրվան էր, որտեղ նրանք անձնական վերարժևորման կարևոր պահեր ունեցան։ Հատուկ թեմատիկ հանդիպումներից բացի, դասախոսի հետ անհատական զրույցներն էլ ուղղված էին ծառայության մեջ հոգատար լինելուն և աստվածաշնչյան պատասխանատվության հիմքերն ընկալելուն։

Պատրաստված առաջնորդը դառնում է յուրահատուկ խողովակ՝ Աստծո օրհնությունը փոխանցելու և գործիք՝ ճամբարականների կյանքում առանցքային փոփոխություններ բերելու համար։ Ամառը մեկնարկել է՝ ոչ պարզապես զվարճանքի, այլ հոգևոր կյանքի խորացման և առաքելության իրականացման համար։

Նախորդ
...
X