Ծնունդ 3․1-16 Կիրակի | Հուլիս 6
Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ էր ուտելու համար ․․. առավ նրա պտղից ու կերավ․․․։ Ծննդ․ 3․6
ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ
1890 թվականին թռչնաբանությամբ զբաղվող գիտնական Յուջին Շիֆելինը վաթսուն եվրոպական սարյակ բերեց Նյու Յորք։ Հավանաբար այդ թռչուններին նախկինում ևս փորձել էին ներմուծել Ամերիկա, բայց հենց Շիֆելինի բաց թողած սարյակներն էին, որ կարողացան հաջողությամբ հարմարվել նոր պայմաններին։ Այժմ Հյուսիսային Ամերիկայում կա մոտ ութսունհինգ միլիոն թռչուն։ Նրանք ագրեսիվ տեսակ են, որոնք դուրս են մղում տեղական թռչունների պոպուլյացիաները, տարածում հիվանդություններ անասունների վրա և պատճառում միլիոնավոր դոլարի վնաս։ Շիֆելինը, հավանաբար, չէր կարող պատկերացնել, թե ինչի կհանգեցնի իր գաղափարը։
Թվացյալ աննշան գործողությունները կարող են հսկայական հետևանքներ ունենալ։ Չնայած նախազգուշացված լինելուն՝ Ադամն ու Եվան դժվար թե կարողանային պատկերացնել, թե ինչ աղետ կբերեր իրենց որոշումը ողջ արարչագործության վրա։ Աստված նրանց ասել էր, որ կարող են ուտել «պարտեզի բոլոր ծառերից» (Ծննդ. 2․16), բացի մեկից, «որ պարտեզի մեջտեղում է» (Ծննդ. 3․3)։ Սակայն, խորամանկ օձի կողմից խաբված, Եվան «առավ նրա պտղից ու կերավ» (հ․ 6)։ Ադամը հետևեց նրան։ Գործողություն, որ ծնեց տառապանք, վիշտ և մահ։
Ամեն անգամ անտեսելով Աստծո կամքը և ընտրելով մեղքը՝ մենք աղետալի իրավիճակում ենք հայտնվում։ Կարող է թվալ, որ մեր գործողություններն աննշան են կամ ազդում են միայն մեզ վրա, բայց մեր սահմանափակ աշխարհայացքը և քմահաճույքներին տրվելը կարող են արագորեն մեզ բազմաթիվ խնդիրների մեջ գցել։ Մինչդեռ Աստծո ճանապարհը տանում է դեպի կյանք և բարօրություն։
Ի՞նչ որոշումներ ենք կայացրել կյանքում, որոնք հանգեցրել են ողբերգական հետևանքների։ Ինչպե՞ս կարող ենք ավելի իմաստուն որոշումներ կայացնել։
Աղոթք – Սիրելի՛ Հայր, խնդրում եմ՝ իմաստություն շնորհի՛ր ինձ և օգնի՛ր քայլել Քո ճանապարհներով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 32-33, Գործք Առաքելոց 14