Հովհաննես 11․1-7, 17-25 Երեքշաբթի | Հուլիս 8
Հիսուսը նրան ասաց. «Քո եղբայրը հարություն կառնի»։ Հովհ․ 11․23
ՀՈՒՍԱՀԱՏ ԱՂՈԹՔ
2011 թվականին Քերի Փաքարդը դստեր հետ հավաքում էր իրերը, որպեսզի նոր տուն տեղափոխվեն։ Հանկարծ Քերին կորցրեց գիտակցությունը․ սիրտը դադարեց բաբախել։ Շտապօգնության բժիշկներին հաջողվեց վերականգնել սրտի աշխատանքը, սակայն Քերիի վիճակն ամբողջ գիշեր մնաց ծայրահեղ ծանր։ Բժիշկները նրա ամուսնուն՝ Քրեյգին, խորհուրդ տվեցին զանգահարել բոլոր հարազատներին, որպեսզի նրանք հասցնեն հրաժեշտ տալ։ Այդ ժամանակ Քերիին սիրող հարազատներն աղոթք բարձրացրին առ Աստված, որ Քրեյգը կոչեց «հուսահատ աղոթք»։
Նմանատիպ մի իրավիճակում էին Մարիամն ու Մարթան, երբ նրանց եղբայրը՝ Ղազարոսը, ծանր հիվանդացավ։ Նրանք հուսահատության մեջ Հիսուսին լուր ուղարկեցին. «Տե՛ր, քո սիրելի ընկերը հիվանդացել է» (Հովհ. 11․3)։ Բայց Հիսուսը չշտապեց։ Երբ Նա վերջապես եկավ, Ղազարոսն արդեն չորս օր էր, ինչ թաղված էր։ Սգացող Մարթան ասաց. «Տե՛ր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մահանա» (հ. 21)։ Նա գիտեր, որ Հիսուսը կարող էր բժշկել հիվանդներին, բայց չէր պատկերացնում, որ Նա կարող էր հաղթել մահին։ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին՝ այսպիսով նախանշելով Իր իսկ հարությունը, որ պետք է տեղի ունենար մի քանի շաբաթ անց։
Քերիի սիրտը մի քանի րոպեով դադարեց բաբախել, և Աստված նրան կյանքի կոչեց։ Այնուամենայնիվ, կարևոր է հասկանալ, որ Արարիչը կարող է ունենալ նպատակներ, որոնք մեզ հայտնի չեն։ Նա չի բժշկում բոլոր հիվանդներին և չի վերադարձնում բոլոր մահացածներին։ Բայց Նա մեզ հրաշալի խոստում է տվել։ Քրիստոսն ասաց. «Ես եմ հարությունը և կյանքը. ով հավատում է ինձ, թեկուզ և մեռնի, կապրի» (հ․ 25)։ Ինչ էլ պատահի, մենք վստահ ենք, որ Հիսուսի հետ կլինենք։ Եվ գուցե այդ վստահությունը մեր հուսահատ աղոթքներին մի քիչ հույս ավելացնի:
Ի՞նչ բովանդակություն ունեն մեր «հուսահատ աղոթքները»։
Աղոթք – Տե՛ր, օգնի՛ր ինձ ավելի լավ հասկանալ Քո մտադրությունները։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 36-37, Գործք Առաքելոց 15․22-41