Գործք Առաքելոց 1․4-14 Չորեքշաբթի | Հուլիս 9
․․․Հոր խոստմա՛նը սպասեք․․․Գործք 1․4
ԱՂՈԹՔ ԵՎ ՍՊԱՍՈՒՄ
Արթնություն։ Մենք բոլորս ենք ցանկանում տեսնել դա, բայց ոչ բոլորին է հաջողվում: Արթնության համար անհրաժեշտ է անկեղծ, հետևողական և ջերմեռանդ աղոթք։ Դա հստակ երևում է Լյուիս կղզում տեղի ունեցած Հեբրիդյան արթնության օրինակով։ Այն սկսվեց երկու խոնարհ, աղոթքի կյանքով ապրող քույրերի շնորհիվ։ Փեգի Սմիթն ութսունչորս տարեկան էր, նրա քույրը՝ Քրիստինան, ութսուներկու։ Առաջինը կույր էր, երկրորդը՝ տառապում էր քրոնիկ արթրիտով։ Սակայն նրանք ապավինում էին Աստծո խոստմանը. «Որովհետև ջուր պիտի թափեմ ծարաված հողի վրա և հեղեղներ՝ չորացած երկրի վրա» (Ես․ 44․3), ուստի նրանք ամեն օր ժամերով աղոթում էին։ Արդյունքում հոգևոր արթնություն եղավ Լյուիսի երիտասարդության շրջանում։ Շատ զարմանալի դարձի պատմություններ եղան, և հասարակությունը կտրուկ կերպով փոխվեց։
Նման աղոթքներով սպասումը նպաստեց նաև Պենտեկոստեի օրը տեղի ունեցած արթնությանը։ Հիսուսն աշակերտներին պատվիրեց մնալ Երուսաղեմում և սպասել Սուրբ Հոգու գալստյանը (Գործք 1․5): Ինչո՞ւ էր սա կարևոր։ Որովհետև չնայած նրանք Քրիստոսի հետ էին երեք տարի, աշակերտները կարիք ունեին Սուրբ Հոգու զորությանը՝ ավետարանի լուրն աշխարհում տարածելու համար (հ․ 8): Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում, երբ Սուրբ Հոգին լցրեց նրանց Իր վերափոխող զորությամբ (Գործք 2․1-4):
Լսելով Լյուիս կղզում տեղի ունեցած իրադարձությունների նման պատմությունների մասին՝ մենք հաճախ կարող ենք տխրել՝ մտածելով, թե ինչու մեր շուրջն այդպիսի իրադարձություններ չեն կատարվում, ինքներս մեզ հարց տալ՝ ե՞րբ կսկսի Աստված գործել։ Բայց տրտնջալու փոխարեն կարող ենք ընտրել մեկ այլ ճանապարհ. շարունակել ջանասիրությամբ աղոթել և հավատալ, որ Աստված կարող է նույնքան զարմանալի բան կատարել նաև մեր հասարակության մեջ։
Ի՞նչպես է Աստված վերջին շրջանում պատասխանել մեր աղոթքներին։
Ինչպե՞ս կարող ենք աղոթել հոգևոր արթնության համար։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ուղարկեցիր Սուրբ Հոգուն, որպեսզի մեզ նմանեցնես Քեզ և զորություն տաս՝ լինելու Քո վկաները։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Հոբ 38-40, Գործք Առաքելոց 16․1-21