Ամովս 5․1-6,10-14 Ուրբաթ | Հուլիս 11
Տիրո՛ջը փնտրեք, որ ապրեք․․․ Ամովս 5․6
ԿՅԱՆՔԸ ՔՐԻՍՏՈՍՈՒՄ
Մի ընտանիք, որը կորցրել էր կապն իրենց որդու՝ Թայլերի հետ, ստացավ աճյունակալ սափորը՝ նրա դիակիզված մոխիրով։ Երիտասարդն ընդամենը քսաներկու տարեկան էր, իսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվեց, որ նա մահացել էր թմրանյութերի մեծ չափաբաժին օգտագործելու հետևանքով։ Շատ տարիներ Թայլերը տառապում էր թմրամոլությամբ։ Սակայն հայտնի էր, որ մահվանից կարճ ժամանակ առաջ նա գտնվել էր վերականգնողական կենտրոնում և անցել էր կախվածությունից ազատվելու ծրագիր։ Այնուհետև բացահայտվեց մի ցնցող փաստ՝ Թայլերը ողջ էր։ Տեղի էր ունեցել սխալմունք՝ նրան շփոթել էին մեկ ուրիշի հետ, ով շատ նման էր իրեն։ Ավելի ուշ, ընտանիքի հետ վերամիավորվելով ու խորհելով տեղի ունեցածի շուրջ, Թայլերն ասաց. «Նրա փոխարեն կարող էի լինել ես»։
Մի օր իսրայելացիներն էլ իմացան իրենց «մահվան» մասին, թեև կենդանի էին։ Ամովս մարգարեն ողբերգական երգ էր գրել Աստծո ժողովրդի մասին, որի մեջ ասում էր. «Ընկավ Իսրայելի կույսը, այլևս վեր չի կենալու» (Ամովս 5.2)։ Սա պետք է արթնացներ իսրայելացիներին. Ամովսը նրանց մահացած էր հռչակում։ Սակայն դրան հաջորդեցին Տիրոջ մխիթարական խոսքերը. «Ինձ փնտրեցե՛ք, որ ապրեք ... Բարությո՛ւն փնտրեք ... և Տերը՝ Զորքերի Աստվածը, ձեզ հետ կլինի» (հ․ 4, 14)։ Թեև իսրայելացիները մեռած էին իրենց մեղքերի մեջ, Աստված նրանց կանչում էր դեպի Իրեն՝ կյանք տալու համար։
Երբ գիտակցենք մեր մեղքերը և խոստովանենք՝ դրանք բերելով Աստծո առաջ, Նա ներում կշնորհի մեզ։ Աստված սիրով մեզ մահից դեպի կյանք է տանում (Հովհ․ 5․24):
Ինչպե՞ս է Աստծո հանդեպ անհնազանդությունը հանգեցնում մահվան։
Աղոթք – Երկնայի՛ն հայր, օգնի՛ր ինձ մեղքից հեռանալ և կյանք գտնել Քո մեջ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 1-3, Գործք Առաքելոց 17․1-15