Ա Կորնթացիներին 3․5-9 Շաբաթ | Հուլիս 12
Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց։ Ա Կորնթ․ 3․6
ԾԱՌԱՅԵՑԵ՛Ք ԱՍՏԾՈՒՆ ԱՄԵՆ ԺԱՄԱՆԱԿ
Մարկը մի քանի տարի անձնուրաց աջակցել էր երիտասարդ հավատացյալ Քալեբին՝ նրա կողքին լինելով որպես հոգևոր ընկեր և ուղեկից։ Սակայն մի օր հանկարծ եկեղեցու Հովիվը Քալեբի համար նշանակեց նոր խորհրդատու և ասաց․ «Քալեբն այսուհետ խորհրդատու կունենա»։
«Իսկ ես ինչո՞վ էի զբաղվում այս բոլոր տարիներին․․․» - զարմանքով մտածեց Մարկը։ Նա երբեք չէր սպասում գնահատանքի կամ պարգևների իր ծառայության համար, բայց այս խոսքերը ցավ պատճառեցին նրան։
Տարիներ անցան։ Մի օր Քալեբը Մարկին ասաց, որ նա իր կյանքում հայտնվեց հենց այն ժամանակ, երբ ամենաշատը հոգևոր առաջնորդության կարիք ուներ։ Լսելով այդ քաջալերական խոսքերը՝ Մարկը հասկացավ, որ Աստված հավատացյալներին տարբեր պարգևներ է տալիս, որպեսզի նրանք ծառայեն Իրեն՝ յուրաքանչյուրն իր ժամանակին և յուրովի՝ առանց իրենց ուրիշների հետ համեմատելու։
Պողոսը՝ Կորնթացիներին ուղղված առաջին նամակում գրում է, որ Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու անդամները տարբեր շնորհներ և ծառայություններ ունեն (Ա Կորնթ․12.4-31)։ Իսկ երրորդ գլխում նա բացատրում էր, թե ով է ի վերջո արդյունք տալիս. «Ես տնկեցի, Ապողոսը ջրեց, բայց Աստված աճեցրեց» (Ա Կորնթ․ 3.6)։
Տերը յուրաքանչյուրիս տալիս է ժամանակ և հնարավորություն՝ Իր գործն իրականացնելու համար։ Ի տարբերություն մարդկանց՝ Նա մեր ձեռքբերումները մյուսների հաջողությունների հետ չի համեմատում։ Տերն արժևորում է ոչ թե մեր վաստակը, այլ մեզ։ Ուստի ջանանք կատարել մեր ծառայությունը՝ հենվելով Նրա զորության վրա և չանհանգստանալով, թե ինչ են անում կամ ինչի են հասնում ուրիշները։
Որո՞նք են այն հնարավորությունները, որ Աստված տվել է մեզ Իր շնորհները գործադրելու համար: Ինչպե՞ս կարող ենք այսօր լավագույնս ծառայել Նրան։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ մեզ շնորհված առատ պարգևների համար։
Օգնի՛ր ինձ կենտրոնանալ այն գործի վրա, որը Դու ես ինձ հանձնարարել։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 4-6, Գործք Առաքելոց 17․16-34