.
2025թ., Հուլիսի 14

Երեմիա 2․5-13                                                                                    Երկուշաբթի   |   Հուլիս 14

 

 

Ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել։ Եր․ 2․13

 

ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՆՈՒՄ

 

Մեր նոր ընտանի կենդանին՝ Ուինսթոն անունով շնիկը, միայն հաչում է, ուտում է և քնում։ Նա նաև շատ է սիրում փորել. ոչ միայն սովորական փոսեր, այլ՝ իսկական թունելներ, կարծես ուզում է փախչել բանտից։ Նա փորում է ագրեսիվ և կատաղած։

«Ինչո՞ւ է նա փորում այդքան խոր փոսեր, տեսնես ի՞նչ է անհրաժեշտ նրան», -  մտածում էի ես։ Եվ կարծես գտա հարցիս պատասխանը. չէ՞ որ ես ինքս էլ «փոս փորող» եմ՝ պատրաստ աշխարհը շրջելու՝ հանուն այն ամենի, ինչն ըստ իս երջանկություն կբերի ինձ։ Դրանք պարտադիր չէ, որ վատ բաներ լինեն։ Բայց խնդիրն այն է, որ ես ընկնում եմ գայթակղության մեջ՝ փնտրելով բավարարում այլ աղբյուրներից՝ Աստծուց բացի։ Արդյունքում թաղվում եմ ցեխի մեջ և ավելի մեծ հիասթափություն ապրում։

Տերը Երեմիայի միջոցով մեղադրում էր իսրայել ժողովրդին, որ նրանք նույնպես «փոս փորողներ» էին. «Ինձ՝ կենաց ջրի աղբյուրին, լքեց. իրենց համար ջրամբարներ փորեցին, կոտրած ջրամբարներ, որոնք չեն կարող ջուրը պահել» (Եր. 2․13)։ Աստված խոստացավ պատժել Իր ժողովրդին այն բանի համար, որ նրանք անտեսել էին Իրեն։ Նրանք փորում էին ջրամբարներ՝ ծարավը հագեցնելու համար, բայց Տերը հիշեցնում էր, որ միայն Ինքն է «կենդանի ջրի աղբյուրը»։

Հովհաննեսի ավետարանում Հիսուսն առաջարկեց այդ ջուրը մի կնոջ, ով ջրհորից ջուր էր հանում, բայց իրականում «փոս էր փորում» տարբեր տեղերում՝ փնտրելով կյանքին իմաստ տալու ուղիներ (Հովհ. 4․10-26)։

Բոլորս էլ երբեմն սկսում ենք «փորել»՝ փնտրելով բավարարում և իմաստ տարբեր ուղղություններով։ Բայց Աստված Իր ողորմությամբ հրավիրում է մեզ թողնել այդ անպտուղ ջանքերը և մոտենալ Իր ջրին, որը կարող է հագեցնել մեր հոգու ամենախոր ծարավը։

 

Որո՞նք են այն ոլորտները, որտեղ մենք հակված ենք «փոսեր փորել»՝

փնտրելով իմաստ, հույս կամ բավարարվածություն։

Ինչպե՞ս կարող ենք այդ կյանքի ոլորտը վստահել Աստծուն։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, օգնի՛ր ինձ ճաշակել և տեսնել, որ իմ հոգին միայն Քեզ է ծարավ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 10-12, Գործք Առաքելոց 19․1-20