.
2025թ., Հուլիսի 15

Ղուկաս 22․28-34                                                                                  Երեքշաբթի   |   Հուլիս 15

 

 

Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի։ Ղուկ․ 22․32

 

ՀԻՍՈՒՍԻ ԱՂՈԹՔՆԵՐԸ

 

«Տե՛ր Հիսուս, ինչի՞ մասին ես Դու աղոթում ինձ համար»։ Հարց, որ հնչեցրեց իմ ընկեր Լուն՝ աղաղակելով Քրիստոսին այնպիսի իրավիճակում, որ պահանջում էր ավելի շատ իմաստություն և ուժ, քան ինքն ուներ։ Աղոթքի ընթացքում նրա այս անսովոր հարցը նոր ընկալում հաղորդեց աղոթքի իմ հասկացողությանը և կիրառմանը։

Ղուկասի Ավետարանում Հիսուսն Ինքը պատմում է, թե ինչպես աղոթեց Պետրոսի համար. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։ Բայց ես քեզ համար աղոթեցի, որ քո հավատը չպակասի», - ասաց Նա Վերջին ընթրիքի ժամանակ (Ղուկաս 22․31-32): Երբ Պետրոսը փորձության ենթարկվեց, նրա հավատքը սկսեց տկարանալ։ Բայց Քրիստոսի շնորհով այն չմարեց։

Գործք Առաքելոցը նույնպես պատմում է, թե ինչպես Հիսուսի աղոթքները Պետրոսի՝ Իր ջերմեռանդ, բայց թույլ աշակերտի համար, պտղաբեր եղան նրա կյանքում։ Աստված նրան օգտագործեց Քրիստոսի բարի լուրը հրեաներին և հեթանոսներին քարոզելու համար։ Եվ Տիրոջ աղոթքի ծառայությունը դրանով չավարտվեց։ Պողոսը մեզ հիշեցնում է, որ «Քրիստոս Հիսուսը, որ մեռավ, ավելին՝ որ հարություն էլ առավ, Աստծու աջ կողմում է և մեզ համար բարեխոս էլ է» (Հռոմ. 8․34)։ Երբ հայտնվում ենք փորձությունների կամ գայթակղությունների մեջ, հիշենք, որ Հիսուսը, որ աղոթում էր Իր աշակերտների համար, այսօր էլ շարունակում է աղոթել նրանց համար, ովքեր հավատում են Իր մասին վկայությանը (Հովհ․ 17․13-20)։

 

Այն գիտակցումը, որ Հիսուսն աղոթում է մեզ համար, ինչպե՞ս կարող է փոփոխություն բերել մեր մտածելակերպի մեջ, որպեսզի ապրենք և ծառայենք ավելի ջերմեռանդորեն։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, շնորհակալ եմ, որ աղոթում ես ինձ համար: Օգնի՛ր ինձ աղոթել և ապրել՝ դա մշտապես հիշելով։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 13-15, Գործք Առաքելոց 19․21-40