.
2025թ., Հուլիսի 17

Նեեմիա 8․1-8                                                                                        Հինգշաբթի   |   Հուլիս 17

 

Եվ Աստծու օրենքի գրքից հստակ կարդում էին և բացատրելով հասկացնում կարդացածը։ Նեեմ․ 8․8

 

ԲԱՑԱՏՐԵ՛Ք ԻՆՁ

 

«Դեժավյու» ֆիլմում հատուկ գործակալ Դագ Քարլինի ժամանակը սուղ էր։ Մի մոլագար գնացքում ավերիչ պայթյուն էր առաջացրել՝ սպանելով հարյուրավոր մարդկանց։ Նա շուտով պատրաստվում էր կրկին հարված հասցնել։ Հանցագործին գտնելու համար որոշվեց դիմել նոր, գերգաղտնի տեխնոլոգիայի, որը, ինչպես Դագին ասացին, նրան ուղարկում էր անցյալ, որտեղ նա պետք է կանխեր պայթյունը։ Սակայն, երբ նա խնդրեց մասնագետներին բացատրել, թե ինչպես է այն աշխատում, նա ստացավ միայն գիտական ​​տերմինների հոսք։ «Պարզ խոսքերով ու մարդկային լեզվով բացատրե՛ք ինձ», – ասաց նա։ Այս արտահայտությունն այնքան ազդեցիկ էր ինձ համար, որ գրեցի այն և դրեցի իմ Աստվածաշնչի մեջ, որպեսզի հիշեմ, երբ պետք լինի ինչ-որ մեկին բացատրել Աստծո Խոսքը, ինչպես եղավ Նեեմիայի ժամանակ։

Երկարատև աքսորից հետո իսրայելացիները ցանկանում էին լսել Աստծո Խոսքը (Նեեմ. 8․1), և այդ պատճառով ժողովրդին հավաքեցին հրապարակում և բարձր ու հստակ ընթերցեցին Սուրբ Գիրքը։ Մի քանի ժամ շարունակ «ամբողջ ժողովրդի ականջը Օրենքի Գրքին էր» (հ. 3–4)։ Սակայն շատերին բացատրություն էր պետք, ուստի քահանաներն «ավելացնում էին մեկնաբանություն»՝ անհասկանալի բառերը թարգմանելով, կանգ առնելով և բացահայտելով կարդացածի իմաստը։ Միայն այդպես մարդիկ կարող էին Սուրբ Խոսքը կիրառել իրենց կյանքում։

Մեր ազգականները, ընկերները, գործընկերները և հարևանները գուցե կարդացել կամ լսել են Աստվածաշնչից մեջբերումներ, բայց հազիվ թե ամբողջությամբ կարողացել են ընկալել իմաստը։ Շատերի համար Աստծո Խոսքը նույնքան տարօրինակ է հնչում, որքան գիտական տերմինները։ Սուրբ Հոգու օգնությամբ փորձենք այն պարզությամբ բացատրել մարդկանց։ Թող ճշմարտության սերմը ցանվի նրանց սրտերում և պտուղ տա Աստծո Արքայության համար։

 

Ինչպիսի՞ հնարավորություններ են ընձեռնվում՝ մարդկանց բացատրելու Սուրբ Գրքի իմաստը։ Ինչպե՞ս ենք կիրառում Աստծո Խոսքը, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան դրա նշանակությունը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ Խոսքիդ համար, որ մխիթարում, առաջնորդում և վերափոխում է։ Ցույց տո՛ւր ինձ, թե ինչպես կարող եմ օգնել ուրիշներին այն ավելի լավ հասկանալ։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 18-19, Գործք Առաքելոց 20․17-38