Եսթեր 4․10-16 Հինգշաբթի | Հուլիս 24
Ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել։ Եսթ․4․14
ՃԻՇՏ ՏԵՂՈՒՄ, ՃԻՇՏ ԺԱՄԱՆԱԿԻՆ
Հյուրանոցի խորհրդակցությունների սրահում բուժքույրերի համար նախատեսված սեմինարի ընթացքում հյուրերից մեկը սրտի կաթված ստացավ։ Քսանից ավելի բուժքույր անմիջապես օգնության հասավ նրան։ Ամեն ինչ լավ ավարտվեց։ Հյուրն անչափ շնորհակալ էր իր «փրկիչներին» և ուրախ էր, որ նրանք ճիշտ տեղում էին, ճիշտ ժամանակին։
Եսթերը նույնպես ճիշտ տեղում էր, ճիշտ ժամանակին։ Ասուերոս թագավորը սիրահարվեց նրան և թագուհի դարձրեց (Եսթ․ 2․17): Ապա չար Համանը խաբեությամբ հրովարտակ արձակեց նրա ժողովրդին՝ հրեաներին ոչնչացնելու համար։ Եսթերի զարմիկ Մուրթքեն համոզեց նրան օգտագործել իր դիրքը՝ նրանց անխուսափելի մահից փրկելու համար։ «Ո՛վ գիտե, գուցե մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհության հասել», - ասաց նա (Եսթ․ 4․14): Եսթերը ռիսկի դիմեց և փրկեց հրեաներին կործանումից (հ․ 8): Նա ակնհայտորեն հասկանում էր, որ թագուհու իր դիրքն Աստծո նախախնամության արդյունքն էր։
Երբեմն մենք մտածում ենք, թե ինչու են տեղի ունենում որոշակի իրավիճակներ կամ փոխվում հանգամանքները։ Մենք կարող ենք հիասթափվել և փորձել իրավիճակը վերադարձնել թվացյալ «նորմալ» վիճակի։ Բայց գուցե Աստված թույլ է տվել, որ դա տեղի ունենա հստակ նպատակի համար։ Երբ մենք փոփոխություն ենք ապրում մեր կյանքում, եկե՛ք խնդրենք Տիրոջը ցույց տա մեզ, թե արդյոք կա՞ ինչ-որ հատուկ բան, որը Նա ուզում է, որ մենք անենք Իր իմաստուն ծրագրի համաձայն։
Վերջերս ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել մեր կյանքում։
Ի՞նչ հնարավորություններ է Աստված բացում մեզ համար այդ
փոփոխությունների միջոցով։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ շփոթված եմ զգում կատարվող փոփոխություններից, օգնի՛ր ինձ գիտակցել, որ դրանց միջոցով գուցե ցանկանում ես ինչ-որ բան փոխել իմ մեջ և իմ միջոցով։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 35-36, Գործք Առաքելոց 25