.
2025թ., Հուլիսի 26

Առակներ 18․10-11                                                                                      Շաբաթ   |   Հուլիս 26

 

 

Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում։ Առակ․ 18․10

 

ՄԵՐ ԱՊԱՍՏԱՆԸ

 

Ուշ երեկո էր։ Մենք տասնհինգ ժամ շարունակ մեքենայի ղեկին էինք, երբ հանկարծ ռադիոյով զգուշացում հնչեց ուժեղ քամու մասին, և մեզ հորդորեցին ապաստան փնտրել։ Բառացիորեն մեկ վայրկյան անց երկնքում կայծակ փայլատակեց, որի պոռթկումը ցնցեց մեքենան։ Մենք դուրս եկանք մայրուղուց, կայանեցինք հյուրանոցի մոտ և շտապեցինք ներս մտնել։ Բոլորս էլ, երբ զգում ենք մեր խոցելիությունը, փորձում ենք գտնել ապահով վայրեր։

Առակների գրքում գրված է. «Տիրոջ անունն ամուր աշտարակ է. արդարը վազում է այնտեղ և ապաստան գտնում» (Առակ․ 18․10)։ Աստվածաբաններն ասում են, որ «Տիրոջ անուն» արտահայտությունը նշանակում է Աստծո ամբողջական էությունը։ Երբ ապաստանում ենք Նրա մեջ, Նրա բոլոր հատկանիշներն ապահովում են մեզ անվտանգությամբ։ Աստված բարի է, ուստի ընդունում է մեզ։ Նա ուշադիր է, ուստի լսում է մեզ։ Նա սեր է, ուստի կարեկցում է մեզ։

Սակայն Աստված պարզապես խնդիրները հաղթահարելու եղանակներից մեկը չէ։ Նա անսահման ավելի մեծ է։ Ապաստանել Նրա մեջ նշանակում է նախընտրել Նրան ամեն ինչից առավել։ Սթրեսի կամ անհանգստության պահին մենք կարող ենք դիմել Նրան աղոթքի միջոցով կամ խորհրդածել Սուրբ Գրքի շուրջ։ Տարիների ընթացքում այդ սովորությունները մեզ կհասցնեն այնտեղ, որ ամբողջովին ապավինենք Նրան՝ մեր իսկական ապաստանին։

 

Ինչո՞ւ ենք մենք հակված ապավինել մեր ուժերին՝ Աստծուն վստահելու փոխարեն։ Աստծո ո՞ր հատկանիշն է մեզ ամենաշատը մխիթարում,

երբ կյանքում փոթորիկների ենք բախվում։

 

Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու իմ ապաստանն ես։ Օգնի՛ր ինձ ցանկացած դժվար պահի վստահել և դիմել Քեզ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 40-42, Գործք Առաքելոց 27․1-26