.
2025թ., Հուլիսի 27

Ա Կորնթացիներին 4․9-13                                                                        Կիրակի   |   Հուլիս 27

 

 

․․․ տեսարան դարձանք աշխարհին՝ և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց։ Ա Կոր․ 4․9

 

ՀԱՎԱՏՔԻ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

304 թվականին Հռոմի կայսր Մաքսիմիանոսը հաղթական մուտք գործեց Նիկոմեդիա քաղաք։ Բնակիչները հավաքվել էին հեթանոս աստվածների պատվին կազմակերպված հանդիսավոր երթի։ Բոլորը եկել էին, բացի քրիստոնյաներից, որոնք հավաքվել էին եկեղեցում և երկրպագում էին միակ ճշմարիտ Աստծուն։ Մաքսիմիանոսը նրանց վերջնագիր ուղարկեց՝ հրաժարվել Քրիստոսից և խուսափել պատժից, հակառակ դեպքում՝ մահանալ։ Քրիստոնյաները մնացին հավատարիմ իրենց որոշմանը։ Այնուհետև Մաքսիմիանոսը հրամայեց հրկիզել եկեղեցին՝ ներսում գտնվող մարդկանց հետ միասին, արդյունքում բոլորը մահացան։

Պողոս առաքյալը գիտեր Քրիստոսին հետևելու գինը։ Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում նա տվեց իր վկայությունը։ Պողոսը և մյուս առաքյալները հալածվեցին Քրիստոսի և Ավետարանի համար։ Նրանք «աշխարհի համար տեսարան դարձան» (Ա Կորնթ. 4․9):

Պետրոս առաքյալը մեզ հիշեցրեց, թե ինչպես Հիսուսը տառապեց մեզ համար։ «Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին» (Ա Պետ. 2․23):

Այսօր աշխարհի տարբեր ծայրերում շատ քրիստոնյաներ նույնպես անցնում են հալածանքի միջով իրենց հավատքի համար։ Բայց եթե մենք հալածանքների հանդիպենք, թող դա, ինչպես Նիկոմեդիայում, միայն բացահայտի մեր հավատքի ուժը Քրիստոսի հանդեպ։ Եկե՛ք մեր կյանքը վստահենք «արդար Դատավորին»։

 

Երբևէ պատահե՞լ է, որ ցանկանանք չարին չարով պատասխանել։ Ինչպե՞ս կարող ենք նման պարագաներում վստահել Աստծո պաշտպանությանը։

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, անկախ նրանից, թե ինչի եմ բախվում այս օրերին, օգնի՛ր ինձ վստահել իմ կյանքը Քեզ, ինչպես Քրիստոսն էր վստահում։ Ամեն։




Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 43-45, Գործք Առաքելոց 27․27-44