Երեմիայի Ողբերը 3․31-42, 58-59 Երկուշաբթի | Հուլիս 28
Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։ Ողբ 3․58
ՏԵՍՆԵԼ ԵՎ ԾԱՌԱՅԵԼ
«Երբեմն մենք տեսնում ենք բաներ, որոնք չենք կարող մոռանալ», - հարցազրույցի ժամանակ ասել է Ալեքսանդր Մաքլեյնը: Նա 18 տարեկան էր, երբ Լոնդոնից մեկնեց Ուգանդա՝ մահամերձ բանտարկյալների խնամքի կենտրոնում ծառայելու համար: Այնտեղ նա տեսավ մի ծերունու, ով անօգնական վիճակում պառկած էր զուգարանի կողքին։ Տղան ամբողջությամբ վերցրեց ծերունու խնամքն իր վրա և հինգ օր շարունակ հոգ տարավ նրա մասին։ Սակայն շուտով ծերունին մահացավ։ Սա մի դրվագ էր, որը երիտասարդը չկարողացավ մոռանալ։
Այդ փորձառությունը փոխեց երիտասարդին։ Նա ստացավ իրավաբանական կրթություն և վերադարձավ Աֆրիկա։ Այնտեղ նա հիմնադրեց «Արդարադատության պաշտպաններ» կազմակերպությունը, որն օգնում է բանտարկյալներին։
Շատ մարդիկ ապրում են այնպիսի պայմաններում, որ ականատես լինելու դեպքում կյանքում չենք կարող մոռանալ։ Չնայած մենք միշտ չէ, որ նկատում ենք դրանք։ Իր ավիրված հայրենիքի համար ողբալով՝ Երեմիա մարգարեն բողոքեց, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում իր վշտին։ «Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը», - բացականչեց նա (Ողբ 1․12):
Երեմիայի սիրտը վշտացած էր ոչ միայն իր, այլև բոլոր նրանց համար, ովքեր նեղության մեջ էին։ Այնուամենայնիվ, նա հույսը չէր կորցնում։ «Ոտքերի տակ տրորել երկրի կալանավորներին ․․․ Մարդուն անիրավություն անել իր դատի ընթացքում, Տերը չի՞ տեսնում», - հարցրեց նա (Ողբ 3․34-36): Եվ նա ավելացրեց. «Տերը հավիտյան չի մերժի։… Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը» (հ․ 31, 58):
Այն, ինչը չի կարելի մոռանալ, այսօր էլ կատարվում է մեր շուրջը։ Եվ Աստված մեզ կոչ է անում տեսնել տառապող մարդկանց ու լավագույնս ծառայել նրանց մեր կարողություններով։
Ինչպե՞ս կարող ենք հոգ տանել դժվարության մեջ գտնվող մարդկանց համար։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, բացի՛ր աչքերս՝ տեսնելու կարիքավորներին և օգնի՛ր ինձ ցույց տալ նրանց Քո սերը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 46-48, Գործք Առաքելոց 28