Գ Թագավորների 17․8-16 Հինգշաբթի | Հուլիս 31
Եվ նա գնաց ու արեց Եղիայի ասածի պես. և՛ նա, և՛ կինը, և՛ իր տունը կերան բավականին ժամանակ։ Գ Թագ․ 17․15
ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱ
Ավելի քան երեք հարյուր երեխա նստեց նախաճաշի սեղանների շուրջ և շնորհակալական աղոթք բարձրացրեց ուտելիքի համար, սակայն սեղանները դատարկ էին։ Նման իրավիճակները հազվադեպ չէին մանկատան տնօրեն և միսիոներ Ջորջ Մյուլլերի (1805–1898) համար։ Սա ևս մեկ հնարավորություն էր՝ տեսնելու, թե ինչպես է Աստված հոգ տանում նրանց համար։ Մի քանի րոպե անց մանկատան դուռը թակեց հացթուխը։ Նա գիշերը չէր կարողացել քնել՝ մտածելով որբերի մասին, և որոշել էր նրանց համար երեք չափաբաժին հաց թխել։ Շուտով նրա հետևից ներս մտավ կաթնավաճառը։ Նրա՝ կաթով բեռնված սայլակը փչացել էր հենց մանկատան դիմաց։ Որպեսզի կաթը չփչանար, նա որոշել էր այն տալ Մյուլլերին։
Մենք բնականաբար մտահոգվում ու անհանգստանում ենք, երբ բավարար միջոցներ, սնունդ կամ հագուստ չենք ունենում, կամ, երբ կորցնում ենք մեր տունը, ընկերներին ու հարազատներին։ Բայց Աստվածաշունչը հիշեցնում է, որ Աստծո օգնությունը կարող է գալ ամենաանսպասելի աղբյուրներից։ Օրինակ, Գ Թագավորների գրքում գրված է, թե ինչպես էր Աստված հոգ տանում Եղիայի մասին։ Սկզբում նրան կերակրում էին ագռավները (Գ Թագ. 17.4-6), ապա Տերը նրան ուղարկեց մի աղքատ այրի կնոջ մոտ։ «Ես մի նկանակ էլ չունեմ, այլ մի բուռ ալյուր ունեմ սափորում և մի քիչ էլ յուղ՝ կճուճի մեջ», - ասաց նա (հ․ 12)։ Այնուամենայնիվ, Տերը սնունդ ապահովեց և՛ նրա, և՛ մարգարեի համար։
Աստծո՝ որպես մեր կարիքները հոգացող Խնամակալի դերը մեր կյանքում կարող ազատության հրաշալի զգացողություն պարգևել։ Մենք պետք է դիմենք Նրան՝ նախքան մյուս բոլոր գործողությունները։ Սա կօգնի մեզ խնայել ժամանակ, էներգիա և հոգու անդորրը։
Ինչպիսի՞ զգացողություններ ենք ունեցել, երբ ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել ենք լուծումներ գտնելու վրա, բայց մոռացել ենք Աստծուն աղոթքով դիմել։ Ի՞նչ կարիքներով կարող ենք այսօր Նրա մոտ գալ։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, երբ կարիքի մեջ ենք, օգնի՛ր տեսնել Քո հասնող ձեռքը և մեր հույսը դնել միայն Քեզ վրա։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 54-56, Հռոմեացիներին 3