Փիլիպպեցիներին 4․4-14 Կիրակի | Օգոստոս 3
Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։ Փիլ․ 4․7
ԹՈՂԵ՛Ք ԽՆԴԻՐՆԵՐԸ
Քեյլին, հոնքերը սեղմած, ևս մեկ թուղթ դրեց լցված արկղի մեջ, որի վրա գրված էր․ «Վստահի՛ր Աստծուն»։ Ապա խորը շունչ քաշեց և սկսեց տեսակավորել այնտեղ նախկինում դրված աղոթքները։ «Ես գրեթե ամեն օր բարձրաձայն կարդում եմ դրանք», - ասաց նա իր ընկերուհուն,- «Ինչպե՞ս իմանամ, որ Աստված լսում է»։ Շանտելը Քեյլիին մեկնեց իր Աստվածաշունչը։ «Դու պետք է վստահես, որ Աստված կպահի Իր Խոսքը», - ասաց նա,- «Պետք է թողնես քո անհանգստությունները՝ դրանք աղոթքով բերելով Տիրոջ առաջ»։
Պողոս Առաքյալը հավատացյալներին կոչ էր անում ուրախանալ Տիրոջով։ Նա բացատրում էր, որ դրա համար լուրջ հիմք կա․ «Տերը մոտ է» (Փիլ. 4.4-5)։ Պողոսը հորդորում էր իր ընթերցողներին անհանգիստ մտքերը փոխարինել աղոթքով, հավատալ, որ Աստված լսում է, և փառաբանել Նրան։ Այդպես նրանց սրտերում կհաստատվեր Աստծո խաղաղությունը (հ. 6-7)։
Խաղաղության Իշխանը՝ Տեր Հիսուս Քրիստոսը, հսկում է մեր զգայական և հոգևոր վիճակը, երբ մեր միտքը կենտրոնացնում ենք այն ամենի վրա, ինչ որ «ճշմարիտ է, պարկեշտ, արդար, անարատ» (Փիլ․ 4․8)։ Այս հատկությունները, ճշմարտապես, մատնանշում են Նրան։
Եթե հավատանք, որ խաղաղության Աստվածը մեզ հետ է, և Նրա խաղաղությունը պահպանում է մեզ, ապա պետք է դադարենք կառչել մեր խնդիրներից ու հոգսերից և աղոթքով դրանք հանձնենք Աստծո հավատարիմ ձեռքերի մեջ: Միայն այդ ժամանակ կզգանք Նրա իրական խաղաղությունը մեր սրտերում։
Սուրբ Գրքի ո՞ր հատվածներն են օգնում հավատալ, որ Աստված լսում է մեր աղոթքները։ Ի՞նչ խնդիրներ կան, որոնցից կառչած ենք մնում և չենք կարողանում վստահել Աստծուն։
Աղոթք – Երկնայի՛ն Հայր, շնորհակալ եմ, որ լսում և պատասխանում ես մեր աղոթքներին, օգնի՛ր ամբողջությամբ հանձնել Քեզ իմ հոգսերն ու խնդիրները և վայելել Քո խաղաղությունը։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 63-65, Հռոմեացիներին 6