.
2025թ., Օգոստոսի 8

Երեմիա 22․1-5                                                                                             Ուրբաթ   |   Օգոստոս 8

 

 

․․․ զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից․․․։ Եր․ 22․3

 

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ ՃՆՇՎԱԾՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

 

Ջոզեֆինա Բատլերը՝ եկեղեցական հայտնի ծառայողի կինը, պայքարում էր այն կանանց իրավունքների համար, ում մեղադրում էին մարմնավաճառության մեջ՝ հաճախ անարդարացիորեն, այսինքն՝ հասարակության մեջ ամենաարհամարհված խավի իրավունքների համար: Աստծո հանդեպ խորը հավատքից մղված՝ նա երկար տարիներ պայքարեց նաև Մեծ Բրիտանիայում վարակիչ հիվանդությունների մասին օրենքների դեմ, որոնք կանանց ենթարկում էին անմարդկային «բժշկական» զննումների:

1883 թվականին այս օրենքները չեղյալ համարելու օրինագծի վերաբերյալ խորհրդարանական քննարկման ժամանակ նա աղոթեց Վեստմինստերի կանանց հետ։ «Մարմնավաճառությունից տուժած, անօթևան կանայք» աղոթում էին «բարձր դիրք ունեցող կանանց» կողքին։ Նրանց բոլորի աչքերից հոսում էին արցունքներ, և նրանք աղաչում էին Աստծուն պաշտպանել հասարակության մեջ ամենաանտեսված մարդկանց։ Ի ուրախություն բոլորի՝ օրենքի նախագիծն ընդունվեց։

Ջոզեֆինա Բատլերի արդարադատության կոչը նման է Երեմիա մարգարեի խոսքերին, ով Աստծո պատգամները փոխանցեց չար թագավորներին. «Իրավունք և արդարությո՛ւն արեք և զրկվածին ազատե՛ք հարստահարողի ձեռքից, մի՛ կեղեքեք և մի՛ բռնացեք օտարականին, որբին և այրուն և այս վայրում անմեղ արյուն մի՛ թափեք» (Եր․ 22․3): Աստված ցանկանում էր պաշտպանել նրանց, ովքեր խոցելի էին իշխանությունների առջև։

Տերը կարող է նաև մեզ մղել անհավասարության դեմ գործողություններ ձեռնարկել։ Նա, ով ատում է բռնությունը, մեզ տալիս է ուժ՝ պաշտպանելու արդարությունը և թշնամանքի տակ գտնվող թույլերին։

 

Ինչպե՞ս է Աստծո հանդեպ հավատքն ազդում թույլերի և խոցելիների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա։ Ինչպե՞ս կարող է Աստված օգտագործել մեզ՝ ճնշվածներին պաշտպանելու համար։

 

Աղոթք – Ողորմա՛ծ Աստված, Դու հոգ ես տանում և՛ ուժեղների, և՛ թույլերի մասին։ Օգնի՛ր ինձ սիրել և ողորմած լինել բոլորի հանդեպ՝ արտացոլելով Քո սերն ու ողորմությունը։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 74-76, Հռոմեացիներին 9․16-33