Գ Թագավորների 11. 34-39, 12. 31-32 Կիրակի | Օգոստոս 10
․․․ քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։ Գ Թագ․ 11․38
ԱՆՀԻՄՆ ՎԱԽԵՐ
«Ես սիրում եմ քեզ և երբեք քեզ չեմ թողնի»։ Ջուլիան պահել էր ամուսնու այս հաղորդագրությունը, որպեսզի վախերի պահին նորից կարդա այն։ Դժվար մանկությունը նրա մեջ ձևավորել էր մի վախ, որ հարազատ մարդիկ կարող են լքել իրեն։ Նա հաճախ էր ամուսնուց խնդրում սիրո հավաստիացումներ և անհանգստությամբ էր սպասում նրա աշխատանքից տուն վերադառնալուն։
Աղոթքն ու հոգևոր խնամքը Ջուլիային օգնեցին հաղթահարել իր վախերն ավելի առողջ ձևերով։ «Ես իմ վախերը սկսեցի ընկալել ամուսնուս խոստումների լույսի ներքո, - կիսվում է նա, - ինքս ինձ համոզում էի, որ նա կկատարի իր խոսքը, և դա ինձ հանգստացնում էր»։
Հերոբովամ թագավորը նույնպես անհիմն վախեր ուներ։ Սողոմոնի հավատքն ուրացումից հետո Աստված խոստացավ Հերոբովամին. «Սակայն թագավորությունը պիտի վերցնեմ նրա որդու ձեռքից և տամ քեզ, այսինքն՝ տասը ցեղերը» (Գ Թագ․ 11․35)։ Աստծո խոստումը հաստատուն էր. «Իսրայելը կտամ քեզ» (հ․ 38)։
Սակայն Հերոբովամը վախենում էր։ «Եթե այս ժողովուրդը ելնի Երուսաղեմ Տիրոջ տանը զոհ մատուցելու համար, այն ժամանակ այս ժողովրդի սիրտը կդառնա դեպի իրենց տերը՝ Հուդայի թագավոր Ռոբովամը», - մտածեց նա (Գ Թագ․ 12․27): Վախը նրան դրդեց կռապաշտության վայրեր հիմնել, որպեսզի կանխի իսրայելացիների՝ Սողոմոնի որդու մոտ վերադառնալը (հ․ 26-33): Արդյունքում, Հերոբովամը բարկացրեց Աստծուն (Գ Թագ․ 14․7-16): Ինչո՞ւ նա չվստահեց Աստծո խոստումներին:
Մենք այլևս կարիք չունենք միայնակ պայքարելու մեր անհիմն վախերի դեմ։ Աստված մեզ տվել է Իր վստահելի խոստումները Սուրբ Գրքում։ Եկե՛ք թույլ տանք, որ Նրա բարեգութ ճշմարտությունները լուսավորեն մեր մտքերը և ուղիները։
Ի՞նչ անհիմն վախեր ունենք մենք։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը դրանց մասին։
Աղոթք – Տե՛ր Աստված, սովորեցրո՛ւ ինձ ճիշտ ընկալել իմ վախերը և օգնի՛ր միշտ հնազանդ լինել Քեզ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 79-80, Հռոմեացիներին 11․1-18