Եփեսացիներին 3․16-21 Երկուշաբթի | Օգոստոս 11
․․․ որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեք։ Եփես․ 3․19
ԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՌԱՏՈՒԹՅՈՒՆ
Երբ հնգամյա որդուս հետ կարդում էինք մանկական Աստվածաշունչը, ես նրան ասացի, որ Հիսուսը բնակվում է մեր սրտում։ Նա մտախոհ նայեց ինձ ու հարցրեց. «Այսինքն՝ Աստված կարող է տեղավորվել մեր ներսու՞մ»։
Մի պահ տարակուսեցի։ Եթե ասեմ «այո», կթվա, թե Աստված շատ փոքր է։ Իսկ եթե ասեմ «ոչ», կստացվի, թե հակասում եմ Հիսուսի խոսքերին։ Բայց հետո հասկացա՝ խոսքն այն մասին չէ, թե արդյոք Աստված կարող է մեր մեջ տեղավորվել, այլ այն մասին, թե ինչքան կարող ենք լցվել Նրա Հոգով։
Հիսուսն ամբողջ Տիեզերքն է լցնում (Եփ. 4․10)։ Իհարկե, Նա չի կարող բառացիորեն տեղավորվել փոքր ու սահմանափակ մարդկային էակների մեջ։ Սակայն Նա լցնում է մեզ Իր ներկայությամբ, սիրով և բարությամբ։ Ահա թե ինչու Պողոս առաքյալն աղոթում էր, որ Եփեսացիները կարողանան ճանաչել «Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն գիտություն, որպեսզի Աստծու ամբողջական լիությամբ լցվեն» (Եփ. 3․19)։
Երբ մենք Քրիստոսին ազատություն ենք տալիս մեր սրտերում՝ խաղաղություն գտնելով Նրա ներկայության մեջ և արմատավորվելով Նրա Խոսքում, Նա լցնում է մեզ Իր Հոգով։ Դրա շնորհիվ մենք ավելի ու ավելի ենք ճանաչում Նրան և դառնում այնպիսի անոթներ, որոնք լցված են Քրիստոսի կյանքով, սիրով ու բարությամբ։
Արդյո՞ք խորհում ենք, թե որքան լայն, բարձր ու խորն է Քրիստոսի սերը։ Ինչպե՞ս կարող ենք Նրան ավելի շատ տեղ հատկացնել մեր կյանքում։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Քո օրհնյալ ներկայության համար։ Երբ խորհում եմ Խոսքիդ շուրջ, լցրո՛ւ ինձ Քո սիրով ու բարությամբ։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 81-83, Հռոմեացիներին 11․19-36