Մարկոս 6․30-46 Երեքշաբթի | Օգոստոս 12
Հիսուսն ասաց նրանց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք»։
Մարկ․ 6․31
ՎԱԶՔ ԵՎ ՀԱՆԳԻՍՏ
Ամսագրի վերնագիրը գրավեց ուշադրությունս. «Վազորդներին հանգիստ է պետք»։ Հոդվածում նախկին վազորդն առաջ էր քաշում մի սկզբունք, որն անտեսվում է որոշ մարզիկների կողմից. մարմնին ժամանակ է պետք հանգստանալու և լարվածությունից հետո վերականգնվելու համար։ «Ֆիզիոլոգիական հարմարվողականությունը, որն էլ հենց մարզումների նպատակն է, տեղի է ունենում միայն հանգստի ընթացքում», - գրում է նա։ «Սա նշանակում է, որ հանգիստը նույնքան կարևոր է, որքան մարզումը»։
Նույնը վերաբերում է մեր հավատքին ու ծառայությանը։ Հոգնածությունից և հուսահատությունից խուսափելու համար մենք պետք է կանոնավոր ժամանակ հատկացնենք հանգստանալուն։ Հիսուսը, չնայած Իր ծառայության ծանրաբեռնվածությանը, ձգտում էր հոգևոր հավասարակշռության։ Երբ աշակերտները դժվար ավետարանչական ճանապարհորդությունից հետո վերադարձան Նրա մոտ, Նա ասաց. «Դուք առանձին մի ամայի տե՛ղ եկեք ու մի քիչ հանգստացե՛ք» (Մարկ․ 6․31)։ Սակայն մեծ բազմություն հետևեց նրան, և Հիսուսը սովորեց րեց նրանց, ապա կերակրեց հինգ հացով և երկու ձկով (հ․ 32-44)։ Երբ բոլորը հեռացան, Նա «բարձրացավ լեռը՝ աղոթելու» (հ․ 46)։
Երբ մենք մեզ ծանրաբեռնում ենք աշխատանքով, մեր ջանքը կորցնում է արդյունավետությունը։ Տերը կոչ է անում մեզ պարբերաբար գնալ Իր հետ մի հանգիստ վայր՝ աղոթելու և հանգստանալու։
Ե՞րբ է մեզ համար հեշտ կամ դժվար հանգստանալ։ Ի՞նչ պետք է փոխենք մեր կյանքում, որպեսզի պարբերաբար կարողանանք հանգստանալ՝ Աստծո ներկայությամբ։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ, որ ցույց ես տալիս հանգստանալու և Քո հետ հաղորդակցվելու կատարյալ օրինակ։ Տո՛ւր ինձ իմաստություն և վճռականություն՝ դարձնելու հանգիստն առաջնահերթություն Քեզ հետևելիս։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 84-86, Հռոմեացիներին 12