.
2025թ., Օգոստոսի 13

Հովհաննես 1․35-42                                                                           Չորեքշաբթի   |   Օգոստոս 13

 

 

Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք։ Եբր. 6․10

 

«ԱՆՏԵՍԱՆԵԼԻ» ԱՍՏՎԱԾ

 

«Երբեմն ինձ թվում է, թե անտեսանելի եմ… Բայց շատ եմ ուզում օգտակար լինել Աստծուն», - ասաց Էմ ին, երբ մաքրում էր հյուրանոցի մարզասրահը: Այդպես սկսվեց մեր զրույցը։ Պարզվեց, որ նա կյանքի զարմանալի պատմություն ունի։ «Անցյալում ես թմրամոլ էի, մարմնավաճառ և ապրում էի փողոցում։ Բայց ես գիտեի, որ Աստված ուզում է, որ այդ ամենը թողնեմ ու գնամ Նրա հետևից։ Մի օր՝ շատ տարիներ առաջ, ես ծնկի եկա Հիսուսի ոտքերի մոտ, և Նա ազատեց ինձ», - պատմեց Էմին։

Ես շնորհակալություն հայտնեցի նրան իր պատմության համար և վստահեցրի, որ նա անտեսանելի չէ։ Նրա միջոցով Տերը հիշեցրեց ինձ սրտերն ու կյանքերը վերափոխելու Իր կարողության մասին։

Աստված սիրում է գործածել «աննկատ» մարդկանց։ Անդրեաս Առաքյալն այնքան հայտնի չէ, որքան իր եղբայր Պետրոսը, սակայն Աստվածաշունչը պատմում է, թե ինչպես նա մոտեցավ Պետրոսին և ասաց․ «Գտանք Մեսիային», այնուհետև բերեց նրան Հիսուսի մոտ (Հովհ․ 1․41-42)։

Անդրեասը նախկինում Հովհաննես Մկրտչի աշակերտն էր, բայց երբ իմացավ Փրկչի մասին, հետևեց Նրան և առաջինն այդ լուրը փոխանցեց իր եղբորը։ Անդրեասի հանդարտ, բայց հավատարիմ սրտի շնորհիվ մի ազդեցիկ շարժում ծավալվեց, որն ամբողջ աշխարհը ցնցեց։

Աստված գնահատում է հավատարիմ ծառայությունը։ Որտեղ էլ որ լինենք, Նա կարող է մեզ հզոր կերպով գործածել, նույնիսկ եթե մեզ չեն նկատում։

 

Ո՞ւմ հանդարտ և հավատարիմ կյանքն է ազդել մեր կյանքի վրա։ Իսկ այսօր ինչպե՞ս կարող ենք որևէ մեկին ծառայել մեր հանդարտ և հավատարիմ կյանքով։

 

Աղոթք – Հա՛յր, շնորհակալ եմ, որ երբեք չես անտեսում ինձ։ Շնորհակալ եմ, որ գործածում ես ինձ՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Ամեն։








Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 87-88, Հռոմեացիներին 13