Հայտնություն 4․1-4, 6-11 Երեքշաբթի | Օգոստոս 19
Նստողը հասպիս ու սարդիոն քարերի տեսք ուներ։ Եվ գահի շուրջբոլորը ծիածան էր՝ զմրուխտի տեսքով։ Հայտ․ 4․3
ԱՍՏԾՈ ՓԱՌՔԻ ԱՐՏԱՑՈԼԱՆՔԸ
Ավստրալիացի լուսանկարիչ Քրիստիան Սփենսերն ավելի քան քսան տարի լուսանկարներ է արել Բրազիլիայի Իտատիայա ազգային պարկում: Այլ բաների շարքում նա լուսանկարել է կոլիբրիների բացված թևերի միջով անցնող արևի լույսի արտացոլանքը: Սփենսերը հայտնաբերել է, որ այս փոքրիկ թռչունների թևերը ստեղծում են մի տեսակ պրիզմա, որի միջով անցնող լույսը ծիածանի գույներ է ստանում: Այլ լուսանկարիչներ նույն ազդեցությունը լուսանկարել են նաև այլ թռչունների պարագայում:
Թռչունների թևերում ծիածաններ հայտնաբերելը մեր Արարչի կողմից Իր արարչագործության մեջ դրված թաքնված գանձերի օրինակներից մեկն է: Նման գեղեցկությունը ստիպում է ինձ մտածել, թե ինչ կտեսնենք, երբ երկինք բարձրանանք: Հովհաննեսը, բարձրանալով երկինք, հաստատ միանգամից չէր կարող հարմարվել տեսածին։ Նա տեսավ Տիրոջը նստած գահին՝ շուրջը ծիածան «զմրուխտի պես» (Հայտն. 4․3): Նա տեսավ Աստծո փառքը, որը բառերով անհնար է նկարագրել:
Երբ մենք գտնում ենք թաքնված գանձեր Աստծո արարչագործության մեջ, եկեք ուրախանանք դրանցով, գիտակցելով, որ երկնքում մեզ շատ ավելին է սպասում։ Եկեք երկրպագենք Արարչին և գովաբանենք Նրան։ «Արժանի ես, Տե՛ր և Աստվա՛ծ մեր, որ ընդունես փառքը, պատիվը և զորությունը, որովհետև դու ամեն բան ստեղծեցիր, ու քո կամքով եղան և ստեղծվեցին» (հ․ 11):
Ի՞նչ թաքնված գանձեր ենք գտել Աստծո արարչագործության մեջ։ Ինչպե՞ս կարող ենք մարդկանց ուղղորդել դեպի Արարիչը՝ արարչագործության միջոցով։
Աղոթք – Տե՛ր Աստված, շնորհակալ եմ Քո ստեղծած աշխարհում թաքնված գանձերի համար։ Դրանք վկայում են Քո մեծության մասին։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 103-104, Ա Կորնթացիներին 2