.
2025թ., Օգոստոսի 20

Եբրայեցիներին 12․1-3                                                                     Չորեքշաբթի   |   Օգոստոս 20

 

 

․.․ համբերությամբ ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը, նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին․․․։ Եբր․ 12․1-2

 

ՀԱՅԱՑՔ ՔՐԻՍՏՈՍԻՆ

 

Էնդրյուն հասկացավ, որ իր հնգամյա որդուն հեծանիվ քշել սովորեցնելը հեշտ գործ չէ։ Տղան անընդհատ տարուբերվում էր և ընկնում։ Տեսնելով դա՝ Էնդրյուն հայնտնաբերեց, որ որդին նայում է այնտեղ, որտեղ վախենում է ընկնել, այդ ժամանակ մի գաղափար հղացավ. «Նայի՛ր դրան և պտտեցրու՛ ոտնակը»։  Փոքրիկը լսեց ու միանգամից սկսեց շարժվել առանց ընկնելու։

Այս դեպքը դաս եղավ հենց Էնդրյուի համար։ Հետագայում նա կիսվեց այդ օրինակով Աստվածաշնչի սերտողության իր խմբի հետ՝  հետևյալ եզրակացությամբ. «Ուր որ մեր աչքերը հառում ենք, այնտեղ էլ գնում ենք»։ Զարմանալի չէ, որ Եբրայեցիներին ուղղված նամակում հեղինակը խրախուսում է ընթերցողներին հետևել Աստծո ճանապարհին՝ «նայենք հավատի զորագլխին ու այն կատարողին՝ Հիսուսին» (Եբր. 12․2):

Կյանքի հոգսերն ու պարտականությունները, ինչպես նաև մեղքի գայթակղությունները, կարող են շեղել մեր ուշադրությունը՝ դառնալով ավելորդ բեռ (հ․ 1): Բայց եթե մենք նայենք Քրիստոսին և մեր մտքերում, որոշումներում և գործողություններում Նրան տանք առաջնահերթությունը, Նա կառաջնորդի մեզ՝ օգնելով, որ հաջողությամբ «ընթանանք մեր առջև բացված մրցասպարեզը»: Տերն ուզում է, որ մեր աչքերն Իր վրա պահենք, Իր կամքը փնտրենք ու կատարենք և պատրաստ է տալ ուժ՝ հանդիպող խոչընդոտները հաղթահարելու համար, որ  «չհոգնենք և չհուսահատվենք» (հ․ 3):

 

Երբ որոշում կայացնելու կամ իրավիճակին արձագանքելու կարիք ենք ունենում, ինչի՞ մասին ենք մտածում առաջին հերթին։ Ինչպե՞ս կարող ենք թույլ տալ Քրիստոսին ուղղորդել մեր մտքերը, խոսքերը և գործողությունները։

 

Աղոթք – Սիրելի՛ Հիսուս, օգնի՛ր ինձ՝ անցնելով կյանքիս ուղին, չկտրել հայացքս Քեզնից։ Սովորեցրո՛ւ ինձ ամեն իրավիճակում նախ և առաջ Քեզ դիմել, որովհետև Դու ամեն բան ես ինձ համար։ Ամեն։





Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 105-106, Ա Կորնթացիներին 3