.
2025թ., Օգոստոսի 21

Գործք Առաքելոց 4․32-37       Հինգշաբթի   |   Օգոստոս 21

 

 

․․․ ոչ ոք չէր ասում, թե իր ունեցածներից ինչ-որ բան իրենն է, այլ ամեն ինչ նրանց համար ընդհանուր էր։ Գործք․ 4․32

 

ԿԱՐԻՔՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ

 

Լիզա և Ֆրեդի Մաքմիլանները յուրահատուկ ռեստորանի սեփականատերեր էին: Նրանք անվճար տաք կերակուր էին առաջարկում բոլոր ցանկացողներին։ Զույգը ներդրել էր իր սեփական խնայողությունները, որպեսզի օգնի այն տարեց մարդկանց, ովքեր ոչ միայն հազվադեպ են այցելում ռեստորաններ, այլև հաճախ քաղցած են մնում։ Ռեստորանում կար կամավոր նվիրատվությունների համար նախատեսված արկղ։ «Երբեմն մենք այնտեղ ոչինչ չենք գտնում,- ասում էր Լիզան։ Երբեմն ինչ-որ մեկը շնորհակալական նամակ է դնում։ Մի անգամ էլ այնտեղ հազար ֆունտ սթերլինգ կար։ Բայց մենք միշտ ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է։ Մեր նպատակն է օգնել կարիքավորներին և նպաստել հասարակության զարգացմանը»:

Կարիքավորների մասին հոգ տանելը կարող է թվալ դժվարին խնդիր, եթե մենք չապավինենք Աստծուն: Ավետարանը մեզ պատմում է, որ երբ Հիսուսը որոշեց կերակրել մի քանի հազար մարդու, Նա դիմեց Իր աշակերտների օգնությանը: «Դո՛ւք նրանց ուտելիք տվեք», - ասաց Նա (Մատթ․ 14․16): Գործք Առաքելոց գրքում մենք տեսնում ենք, որ վաղ եկեղեցում հավատացյալները կիսում էին իրենց ամբողջ ունեցվածքը, այնպես որ «ոչ ոք կարիք չուներ» և «նրանց ամեն ինչն ընդհանուր էր» (Գործք 4․32): Շատերը վաճառում էին իրենց ունեցվածքը, իսկ գումարը տալիս առաքյալներին, որից հետո «յուրաքանչյուրին բաշխվում էր ըստ կարիքի» (հ․ 34-35): Հասկանալով, որ ամեն ինչ, վերջին հաշվով, պատկանում էր Աստծուն, նրանք վարվում էին այնպես, ինչպես Տերն էր ուզում:

Աստված հոգ է տանում՝ երբեմն Իր սեփական ձեռքով, երբեմն՝ Իր ծառաների ձեռքերով։ Նա հոգում է մեր կարիքները, որպեսզի մենք կարողանանք հոգալ ուրիշների կարիքները։

 

Ինչպե՞ս է Աստված հոգացել մեր կարիքները։ Ինչպե՞ս կարող ենք միանալ Նրան՝ հոգալու մեր շրջապատի մարդկանց համար:

 

Աղոթք – Երկնայի՛ն Հայր, ես շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Դու առատորեն ուղարկում ես ինձ համար։ Օգնի՛ր ինձ նաև առատաձեռնորեն կիսվել դրանցով ուրիշների հետ։ Ամեն։






Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 107-109, Ա Կորնթացիներին 4