.
Հայկազյանի պատվիրակները Արցախում

Հայ Ավետարանականների կողմից հիմնադրված սփյուռքի միակ հայկական ԲՈՒՀ-ի՝ Բեյրութի Հայկազյան Համալսարանի պատվիրակությունը՝ համալսարանի նախագահ, վեր. դոկտոր Փոլ Հայդոսթյանի գլխավորությամբ,  նոյեմբերի 14-ին Արցախում էին: Այցի նպատակն Արցախի Պետական Համալսարանի հետ համագործակցության հուշագրի ստորագրումն ու Հայկազյան Հայագիտական հանդեսի 38-րդ համարի շնորհանդեսն էր:
 
Արցախ կատարած այցի ընթացքում վեր.դոկ. Փոլ Հայդոսթյանը եղել է նաև Հայաստանյայց Ավետարանական եկեղեցում, հանդիպել Արցախի ՀԱԵ հովիվ՝ վեր. Վարդան Ափինյանի հետ, ծանոթացել եկեղեցու գործունեությանը, ծառայություններին, այլ եկեղեցական և պետական կառույցների հետ փոխհարաբերություններին: Հանդիպման ընթացքում Հայկազյան համալսարանի ներկայացուցիչները հետաքրքրվել են Արցախի եկեղեցու պատմությամբ: Ի պատասխան՝ Վեր. Ափինյանն Արցախ է հրավիրել համալսարանի մասնագետներին, ովքեր  ոչ միայն հնարավորություն կունենան ծանոթանալ եկեղեցու անցյալին, այլև մեկ շաբաթ ապրելով և ծառայելով իրենց հետ՝ գաղափար կկազմեն Արցախում ՀԱԵ ներկայի մասին: Առաջարկը ողջունել է Վեր. դոկտոր Փոլ Հայդոսթյանը: Առանձին հանդիպում է եղել նաև Արցախում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության աշխատակիցների հետ: