Ծնունդ 28․10-17 Կիրակի | Օգոստոս 24
Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի։ Ծննդ. 28․16
ԱՍՏՎԱԾ ԱՄԵՆՈՒՐ Է
Երկաթուղային կայարանի մոտ կանգնած էր մի ջութակահար՝ համեստ տեսքով սովորական շապիկով և գլխարկով։ Նրա ջութակից ելնող մեղեդիները հիասքանչ էին հնչում, սակայն անցորդները շտապ անցնում էին կողքով՝ առանց ուշադրություն դարձնելու։ Նա կատարեց մի ամբողջ համերգային ծրագիր, և միայն մի քանի հոգի կանգ առան նրան լսելու համար։ Եթե միայն մարդիկ իմանային, որ փողոցային երաժիշտը Ջոշուա Բելն էր՝ մեր ժամանակների մեծագույն վիրտուոզներից մեկը, ապա նրանց արձագանքն ամբողջությամբ այլ կլիներ։ Նա կատարեց ամենաբարդ ստեղծագործություններից մի քանիսը՝ նվագելով Ստրադիվարիուսի ջութակի վրա, որը թվագրվում է 1713 թվականին և մոտ չորս միլիոն դոլար արժե։
Եթե մենք տեղեկացված չենք, հեշտ է չնկատել հրաշքները, որոնք մեր աչքի առջև են տեղի ունենում։ Այդպես պատահեց Հակոբի հետ Խառան տանող ճանապարհին (Ծննդ. 28․10): Նա գիշերելու համար կանգ առավ մի սովորական վայրում, որը նման էր ցանկացած այլ վայրի. մի հարթավայր, որտեղ նա կարող էր պառկել: Սակայն Աստված երազում հայտնվեց նրան և ասաց, որ իր բազմաթիվ սերունդների միջոցով «կօրհնվեն երկրի բոլոր ցեղերը» (հ․ 14): Նա նաև վստահեցրեց Հակոբին, որ կպահպանի նրան, ուր էլ որ նա գնա (հ․ 15): Երբ Հակոբն արթնացավ, ասաց. «Իրապես Տերն այստեղ է, և ես չգիտեի» (հ․ 16):
Աստված ամենուր է ու Իր ներկայությամբ լցնում է «երկինքն ու երկիրը» (Երեմ. 23․24): Նա ներկա է նույնիսկ ամենասովորական վայրերում: Հետևաբար, մենք պետք է մեր աչքերն ու ականջները բաց պահենք և պատրաստ լինենք տեսնել Նրա գործերը ցանկացած պահի:
Ի՞նչ սովորական կամ աննկատ պահերի մեջ ենք զգացել Աստծո ներկայությունը։
Ինչպե՞ս կարող ենք զարգացնել զգայուն սիրտ՝ տեսնելու Նրա ձեռքի գործերն ամենօրյա կյանքում։
Աղոթք – Տե՛ր, ես ցանկանում եմ տեսնել Քեզ և լսել։ Բացի՛ր իմ աչքերն ու ականջները, որ զգոն լինեմ Քո ներկայության ու ձայնի հանդեպ ամեն օր։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 116-118, Ա Կորնթացիներին 7․1-19