Եզեկիել 34.11-16 Երեքշաբթի | Օգոստոս 26
Ես եմ հովվելու իմ ոչխարներին և ես եմ նրանց մակաղել տալու»,- ասում է Տեր Աստված։ Եղեկ։ 34.15
ՈՉԽԱՐՆԵՐՆ ԱՆՑՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ճանապարհին երթևեկությունն անսպասելիորեն կանգ առավ, բայց ես չէի հասկանում՝ ինչու։ Մեքենաները շատ չէին, և կանգնելու տեսանելի պատճառ չկար։ Հանկարծ տեսա մի բան, որը թե՛ զարմանք, թե՛ հիացմունք առաջացրեց. ոչխարների մի հոտ հատում էր ճանապարհը։ Քանի որ հազվադեպ էի լինում գյուղական վայրերում, նման բան դեռ չէի տեսել։ Պարզվեց՝ տեղացի հովիվներն իրենց ոչխարների հոտերը տանում են արոտավայր, և դրա համար երբեմն ժամանակավորապես փակում են ճանապարհը։
Ինձ համար՝ որպես քաղաքում ծնված ու մեծացած մարդու, այս տեսարանն անսովոր ու զարմանալի էր։ Սակայն Իսրայելում՝ Եզեկիելի օրոք (և ամբողջ աստվածաշնչյան պատմության մեծ մասում) ոչխարները կյանքի անբաժան մասն էին։ Մարգարեն օգտագործեց մարդկանց ծանոթ պատկերները՝ ոչխարների և հովիվների մասին, որպեսզի փոխանցի Աստծուց եկող մխիթարության և հույսի ուղերձը։
Եզեկիել մարգարեն հույսով լի խոսքերով դիմեց իսրայելացիներին՝ վստահեցնելով, որ Բաբելոնում տարիներ շարունակ կրած զրկանքներից հետո, որոնք հետևանք էին նրանց երկարատև անհնազանդության, Տերը մի օր կվերադարձնի նրանց «իրենց երկիր» (Եզեկ. 34.13)։ Ինչպես հովիվը, Նա կպահի նրանց «լավ արոտում… և արգավանդ արոտում կհանգստանան» (հ. 14)։
Աստված այսօր էլ նույն հոգատարությամբ է շրջապատում Իր ժողովրդին։ Երբեմն, երբ փորձությունների մեջ ենք, նման ենք ցրված հոտի ոչխարների (հ. 12), սակայն արժե վստահել Բարի Հովվին, որպեսզի Նա առաջնորդի մեզ դեպի «առատ արոտավայր» (հ. 13-14)։
Ինչպե՞ս է Աստված առաջնորդում մեզ դժվար ժամանակներում։
Ինչպե՞ս կարող ենք վստահել Նրա հովվական խնամքին։
Աղոթք – Շնորհակալ եմ, Տե՛ր, որ Դու իմ հոգատար և հավատարիմ Հովիվն ես։ Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 119․89-176, Ա Կորնթացիներին 8