.
2025թ., Օգոստոսի 27

Հայտնություն 21.2-5, 9-11                                                               Չորեքշաբթի   |   Օգոստոս 27

 

 

Տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից՝ Աստծու մոտից…։ Հայտ. 21.2

 

ՀՐԱՇԱԼԻ ԱՎԱՐՏ

 

Մի տաք երեկո քաղաքի կենտրոնում հանդիպեցի ընկերներիս։ Մենք որոշեցինք ընթրել մի ռեստորանում, որի բացօթյա հատվածում կենդանի ջազ էր հնչում։ Երբ տեղ հասանք, բակը լիքն էր։ Հիասթափված մի քանի թաղամաս քայլեցինք՝ ուտելու մեկ այլ տեղ գտնելու համար։

Կյանքում հիասթափությունները տարբեր ձևերով են ի հայտ գալիս։ Սիրելի կենդանիները կարող են լքել մեզ։ Կարիերան կարող է տապալվել։ Առողջությունը՝ դավաճանել։ Մոտ հարաբերությունները՝ խզվել։ Թեպետ Տերը մխիթարում է մեզ այս հիասթափությունների մեջ, մեր կյանքի բոլոր պատմությունները միշտ չէ, որ ավարտվում են այնպես, ինչպես մենք ենք երազում։ Սակայն քրիստոնյաները երջանիկ հավիտենության հույս ունեն։

Հայտնության գիրքը պատմում է, թե ինչպես Աստված Հովհաննեսին ցույց տվեց «սուրբ քաղաք Երուսաղեմը…  պատրաստված և ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարսի» (Հայտ. 21.2) հուզիչ տեսիլքը։ Որտեղ Աստված կբնակվի Իր ժողովրդի հետ։ Եվ նրա մեջ չի մտնելու ոչ մի անմաքրություն, այնտեղ գիշեր չի լինելու» (հ. 25-27)։

Այդ երեկո, տուն վերադառնալիս, մենք նորից անցանք առաջին ռեստորանի կողքով, որը գրեթե դատարկ էր։ Լամպերը թեթև լույսով ողողում էին մայթը։ Մենք մտանք, պաղպաղակ վերցրինք և վայելեցինք սիրելի երաժշտություն։ Օրը բավական հաճելի ավարտ ունեցավ։ Սակայն մենք գիտենք՝ որքան էլ ուրախալի լինեն երկրային վայելքները, դրանք համեմատելի չեն այն հրաշալի ավարտի հետ, որը հավատացյալները պիտի վայելեն հավիտենության մեջ։

 

Ի՞նչն ենք ամենից շատ սպասում հավիտենական կյանքում։

Այդ ժամանակի մասին Աստծո ո՞ր խոստումներն են հատկապես ուրախացնում մեզ։

 

Աղոթք – Տե՛ր Աստված, օգնի՛ր ինձ նայել իմ դժվարություններին հավիտենության լույսի ներքո՝ իմանալով, որ Դու ինձ համար պատրաստել ես ավելի լավ ապագա։ Ամեն։







Աստվածաշունչը մեկ տարում      |      Սաղմոսներ 120-122, Ա Կորնթացիներին 9