Բ Թագավորների 6․1-2, 6-15 Ուրբաթ | Օգոստոս 29
Տերը օրհնեց Աբդեդոմի տունը և նրա ամեն ունեցվածքը Աստծու տապանակի համար։ Բ Թագ․ 6․12
ԿՈՐՑՐԱԾ ՏԱՊԱՆԱԿ
Եկեղեցու անդամների հետ կազմակերպած ճամբարի ժամանակ հովիվ Ջեֆը և որդիս զբոսանքի դուրս եկան։ Նրանք անտառային արահետով քայլեցին և հանդիպեցին Ուխտի տապանակին։ Իհարկե, դա իրականը չէր, այլ ոսկեզօծ, բնական չափի կրկնօրինակ։ Ամուսինս Ջեֆի հետ սկսել էր դրա վրա աշխատել տարիներ առաջ, և վերջերս որդիս ավարտել էր այն և որոշել անակնկալ մատուցել հովվին։
Ջեֆը հիացմունքով լցվեց և շտապեց կանչել ընկերներին, որպեսզի նրանք օգնեն տապանակը տանել ճամբարի ճաշարան։ Տեսարանը հիասքանչ էր․ տղամարդիկ իրենց ուսերին կրում էին Ուխտի տապանակը, իսկ հովվի երկու փոքրիկ թոռնիկները, իրար ձեռք բռնած, քայլում էին նրանց հետևից։
Աստվածաշունչը պատմում է նման ուրախալի իրադարձության մասին, երբ իրական տապանակը, որը խորհրդանշում էր Աստծո ներկայությունը Իր ժողովրդի հետ, տեղափոխվեց այն տնից, որտեղ պահվում էր, դեպի նոր վայր Երուսաղեմում (Բ. Թագ. 6․12)։ Դավիթ թագավորն այնքան էր ուրախացել, որ «ամբողջ ուժով պարում էր Տիրոջ առաջ», իսկ ժողովուրդը հրճվում էր և փողեր էր հնչեցնում (հ․ 14-15)։
Տարիներ անց իսրայելացիները տարվեցին բաբելոնյան գերության, իսկ Երուսաղեմը կործանվեց (Բ Թագ․ 25): Աստվածաշունչը չի ասում, թե ինչ պատահեց տապանակի հետ, բայց ամեն դեպքում, մենք այլևս տապանակի կարիք չունենք Աստծո ներկայությունը վայելելու համար (Հովհ 14․16-17): Քրիստոսի մահվան և հարության, ինչպես նաև Սուրբ Հոգու գալստյան շնորհիվ Աստված բոլոր նրանց հետ է, ովքեր հավատում են Իր Որդուն: Մի՞թե դա ուրախության պատճառ չէ:
Ինչպե՞ս է Աստծո ներկայությունը դրսևորվում մեր կյանքում։
Աղոթք – Տե՛ր, շնորհակալ եմ Սուրբ Հոգուդ համար։ Շնորհակալ եմ, որ ամեն ժամանակ ինձ հետ ես: Ամեն։
Աստվածաշունչը մեկ տարում | Սաղմոսներ 126-128, Ա Կորնթացիներին 10․19-33